«Կարող ենք հանգիստ 2017, 2018 թվականներն էլ դիմավորել, դեռ ժամանակը մեր օգտին է աշխատում». Կոմանդոս

«Ռուս-ամերիկյան հարաբերությունները, Սիրիական պատերազմն արտացոլվում են բոլոր երկրների վրա, առաջին հերթին՝ Կովկասի տարածաշրջանի՝ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով ամփոփելով 2015 թվականը՝ նշեց, որ գալիք տարում լայնամասշտաբ գործողություններ պետք չէ ակնկալել հայ-ադրբեջանական սահմանին:

Կոմանդոսի խոսքով՝ երբ Թուրքիան ռուսական ինքնաթիռը խոցեց, ամերիկացիները չքննադատեցին Թուրքիային, իսկ Թուրքիան՝ զգալով նման ընկերական վերաբերմունք ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից, ավելի շատ է ուզում ազդել Կովկասի տարածաշրջանում՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի վրա: «Ստացվում է՝ թուրքական ղեկավարությունը գնում է Բաքու և ասում է՝ մենք ամեն ինչ կանենք, որ Ղարաբաղը հանձնենք ձեզ: Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները հավաքվում են Թուրքիայում և քննարկում են հարցեր, ու պարզ է, թե պաշտպանության նախարարներն ինչպիսի հարցեր կարող են քննարկել, այսինքն՝ իրենք հակահայկական կենտրոն են ստեղծում, ու դա ամբողջությամբ կապված է Ղարաբաղի հետ»,- նշեց գեներալը:

Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրները բարիդրացիական հարաբերություններ ունեն ինչպես՝ Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ, և, եթե նրանք չենք քննարկում հայկական տարածքների ռմբակոծումն Ադրբեջանի կողմից, «այդ լռությունը համաձայնության նշան է»: Խոսելով այն մասին, թե այս իրավիճակում մենք ինչո՞վ ենք մուտք գործում 2016 թվական, Կոմանդոսն ասաց, որ մտնում ենք նրանով, որ գիտենք՝ ինչ է ուզում նախաձեռնել Ադրբեջանը. «Նա պատարեզմական գործողություններ չի կարող նախաձեռնել: Թուրքիան չկարողացավ այդ հանձնարարականի համար պատրաստել ադրբեջանական բանակին: Ասել, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում, նույնն է թե՝ ասել, թե Ադրբեջանն ուզում է ինքն իրեն կործանի: Նրանք միայն խոսում են, բայց իրականում նրանք չեն կարող: Ալիևն իր ժողովրդի մոտ ասում է՝ մենք կվերցնենք Ղարաբաղը՝ որոշակի խնդիրներ լուծելու համար»:

Պարզաբանելով, թե ինչու Ադրբեջանը չի կարող պատերազմական գործողություններ սկսել, Կոմանդոսն ասաց, որ ադրբեջանական բանակը բազմատար է, ու նրանք չենք ցանկանում կռվել Հայաստանի դեմ, քանի որ չգիտեն՝ ինչի համար կռվեն. «Ուզում եմ ասել՝ 2016 թվականին լարվածությունը կպահպանվի, բայց որևէ բան պետք չէ սպասել ադրբեջանական ղեկավարությունից»:

Մեր ճշտող հարցին՝ փաստորեն, լայնամասշտաբ գործողություններ չե՞ն լինի գալիք տարում, Կոմանդոսը պատասխանեց, որ չեն լինի. «Կարող ենք հանգիստ 2017, 2018 թվականներն էլ դիմավորել, դեռ ժամանակը մեր օգտին է աշխատում»:

Տեսանյութեր

Լրահոս