2016-ը բեկումնային տարի է լինելու, վատթարացումը շարունակվելու է. Աշոտ Մանուչարյան

«2016-ին ավելի ու ավելի շատ զանգեր պետք է սկսեն հնչել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ամփոփելով 2015 թվականը: Ըստ նրա՝ 2016 թվականը լինելու է բեկումնային այն իմաստով, որ վատթարացումը շարունակվելու է, մարդկության շրջանում տարբեր կետերի դիմադրությունն էլ ավելանալու է:

«Ռուսաստանին ես պաշտպանում եմ նրա համար, որ այդ երկիրը գոնե մեկ կետով սկսել է դիմադրել: Նա ասում է` այս աշխարհակարգը չեմ ցանկանում պահպանել: Հիմա` չի ցանկանում՝ պահպանվի, որովհետև իր համար անարդար է, ուզում է փոխողն ինքը լինի, բայց բոլոր դեպքերում այդ դիմադրությունը դրական է: Բայց դա շատ քիչ է հիմա, Ռուսաստանը, ինչպես նաև Ամերիկան, ինչպես նաև Եվրոպան չունի պատկերացում` ինչպիսին դառնա աշխարհը, իսկ այդ բանը պետք է ինչ-որ տեղ ծնվի: Երբ ասում են, թե դա պետք է ծնվի ԱՄՆ-ում, մի անգամ ասել եմ, որ 2000 տարի առաջ աշխարհի ցավերի պատասխանը ծնվեց Հռոմեական կայսրության ամենախուլ գավառում, ինչպիսին էր Երուսաղեմը, ինչպիսին էր Պաղեստինը, որտեղ գործում էր ձեզ հայտնի անձը: Հիմա այսօր որտեղի՞ց է այդ բանը գալու, Աստված գիտի, որտեղից առաջինը սթափվեցին և սկսեցին խոսել»,- նշեց Մանուչարյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ Հռոմի պապի նախազգուշացումը չի դառնա իրականություն: «Կարծում եմ, որ նա զանգ էր հնչեցնում, հիմա լավ կլինի, որ աշխարհի բոլոր զանգերը սկսեն հնչել, և մարդկությունը սթափվի, կարծում եմ՝ այդպիսի տարի է լինելու, զանգերը գնալով ավելի շատ են հնչելու, մարդկությունն իր մեջ եղած սատանայականությունը սկսելու է դուրս մղել, դիմադրել, կամաց-կամաց հասկանալ, որ խնդիրները միայն իր մեջ են: Մարդկանց մեջ են, մարդկության, դրսում ոչ մի խնդիր չկա, և այդ խնդիրը պետք է լուծվի: Կարծում եմ` այդ իմաստով լինելու է բեկումնային տարի»,- ասաց Մանուչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս