
Հայաստանում կա՞ն քաղաքական բանտարկյալներ, թե՞ ոչ

«Ես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բավականին երկար ժամանակ եմ անցկացրել և քննարկումների տևական ժամանակահատված եմ անցել: Եվ կարող եմ ասել քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բազմաթիվ զեկույցների ինքս մասնակից եղել եմ, որոնք մշակվել են և չափանիշներ են նշվել: Բավական բարդ գործընթաց է կատարվել այդ ուղղությամբ: Եվ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով այն չափանիշները, որոնք մենք ենք մշակել ու դրել, Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մեկը, որ համապատասխանում է այդ չափանիշներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանում կա՞ն քաղաքական բանտարկյալներ, թե՞ ոչ:
Անդրադառնալով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նա ՀՀ փոխանցվելու համար դիմել էր արդարադատության նախարարություն, արդարադատության նախարարությունը բավարարել է նրա պահանջը. «Այժմ այս հարցի քննարկումը գտնվում է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների քննարկման տիրույթում: Խնդիրը հետևյալն է, որ հանձնման գործընթացն ինքնին բավականին երկարատև պրոցես է: Այն ենթադրում է բազմաթիվ ներպետական ընթացակարգեր, ընդ որում՝ այնպես չէ, որ միայն Ռուսաստանից Հայաստանի դեպքում»: Նա կարծիք հայտնեց, որ հաջորդ տարի կունենանք հստակ առաջընթաց: Նա ասաց նաև, որ արդարադատության նախարարությունը Հրաչյա Հարությունյանի ընտանիքի հետ անընդհատ կապի մեջ է: