Նոր տարին՝ իշխանության և ընդդիմության աչքերով

«Նոր տարին` նոր Հայաստանում, ես այլընտրանք չեմ տեսնում այդ հրամայականին»,- «168 Ժամի» հետ զրույցում խոսելով հաջորդ տարվանից ունեցած ակնկալիքների մասին` ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ նրա` սա եզակի հնարավորություն է, և նա համոզված է, որ իրենք ճիշտ ուղու վրա են։ «Ներկա դրությամբ ժողովուրդը գիտի, որ իր դեմ, իր նկատմամբ մեծ հանցագործություն է տեղի ունեցել։ Ինքը գիտի, որ եթե չհաղթահարի այս պահը, սեփական վախը, ստրկամտությունը, անտարբերությունը, այդ տեղապտույտը պետք է շարունակվի։ Ելնելով միջազգային հանրության վերաբերմունքից, միջազգային զարգացումներից, նաև հանցավոր իշխանավորների վարքից, գիտենք, որ Հանրապետական կուսակցապետությունն իր հոգեվարքի մեջ է, և հիմա պահն է, որ վերածնվի Հայաստանի Հանրապետությունը։ Դա միայն խոսք չէ, դա ռոմանտիկա չէ, դա կլինի նոր տարվա ընթացքում, երբ ժողովուրդը խաչմերուկ կգա, և վստահ եմ, որ ոչ միայն կլցնի հրապարակները` Հայաստանի, այլ յուրաքանչյուր քաղաքացի, ընտանիք կհասկանա, որ սա իր երեխաների, թոռնիկների ճակատագրի մասին է»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը։

Նա կարծում է` այս շարժումը շարունակվելու է, և հանգուցալուծումը պետք է անպայման լինի նոր տարվա ընթացքում։ Հովհաննիսյանի խոսքով` մենք ապրում ենք պատմական շրջանում, որը «մեզ վերջապես հնարավորություն պետք է տա վկան և մասնակիցը լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական պետության վերականգնմանը»։

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Նոր տարին դիմավորել Ազատության հրապարակում։ Ր. Հովհաննիսյանը, սակայն, դեկտեմբերի 31-ին կլինի ԱՄՆ-ում, քանի որ այդ օրը նրա մայրիկի ծննդյան 84-ամյակն է։ Ազատության հրապարակում կլինեն նրա կինը` Արմենուհին, որդին` Կարինը` իր նշանածի` Լարիսայի հետ. «Այս տարի իրար կարոտը մենք զգում ենք, ու ես անպայման մայրիկիս հետ կանցկացնեմ։ Հետո «Նոր Հայաստանը» ինձ պետք է գործուղի տարբեր ուղղություններով` դիվանագիտական, քաղաքական աշխատանքի։ Հունվարին, փետրվարին միջազգային իրավիճակը կփոխվի, ու այդ ժամանակ այնպիսի մի նոր վիճակ կլինի, որ քչերն են կանխատեսում։ Ցավում եմ, որ այն մարդիկ, որոնք մի սերունդ առաջ ազատագրել են Արցախը, դարձել են հանցագործ, բայց այդ իմ ցավից բարձր հայ ժողովրդի իրավունքն է, Սահմանադրությունն է և պատասխանատվության կանչը։ Մենք ներկա կլինենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում»։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ամանորն անցկացնելու է իր հայրենի Վանաձորում` ընտանիքի հետ. «Իսկ սպասելիքների հետ կապված` իմ ժողովրդին և երկրին` խաղաղություն»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Ամփոփելով տարին` Վ. Բաղդասարյանն ասաց, որ քաղաքական իմաստով` 2015-ը բավականին բուռն տարի էր. «Կորուստների իմաստով` ամենաանդառնալին մեր զոհերն էին սահմանում։ Ձեռքբերումների տեսանկյունից` շատ հատկանշական էին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումները. ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ մենք կարողացանք մեր մատուցմամբ համոզել, որ իրոք Օսմանյան կայսրության կողմից կատարված այդ ոճրագործության համար պետք է պատասխան տան ոճրագործների հետնորդները։

Ամբողջ աշխարհի պառլամենտներին կոչ արվեց ճանաչել Ցեղասպանությունը, ու բազմաթիվ երկրներ արձագանքեցին, ու այդ գործընթացը մինչ այսօր շարունակվում է»։ Երկրորդ ձեռքբերումը, ըստ Վ. Բաղդասարյանի, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էր, անցումը նոր` պառլամենտական համակարգին. «Իհարկե, պետք է նկատեմ, որ որոշ դեպքերում այդ ժողովրդավարությունը բերեց խեղկատակության` որոշ քաղաքական գործիչների կողմից»։

Մեր այն հարցին, թե որո՞նք էին իշխանությունների այս տարվա ձախողումները, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել` դա մեծ, անուղղելի բացթողում է, բայց այս` Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաների հետ կապված, տնտեսական հարաբերությունների հետ կապված` ինձ թվում է` մենք պետք է ավելի ճկուն տնտեսական քաղաքականություն տանենք, որ կարողանանք դրանից շահեկան վիճակում դուրս գալ»։

Մեր ճշտող հարցին` նկատի ունեք` տնտեսության ոլորտում տարված քաղաքականությունը ճիշտ չէ՞ր, ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց. «Նման իրավիճակի մեջ մենք այլ ելք չունենք, դա էր իրավիճակը, դուք կարող եք ուրիշ երկրների հետ համեմատել, բոլոր երկրներում էլ տնտեսական անկում է արձանագրվել, դա մխիթարում չէ, ուղղակի ասում եմ` պետք է ավելի ճկունացնենք մեր քաղաքականությունը, որ ավելի լավ դուրս գանք այս իրավիճակներից»։

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստվում է Ամանորը դիմավորել Ազատության հրապարակում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Նրանց ամենալավ դահլիճն ԱԺ-ն է, քանի որ դրանից ավելի մարդ նրանք չեն կարողանում հավաքել, ու քանի որ Ամանորին նրանք մեկուսացված են, ինչպես շատ քաղաքական գործիչներ, որոնք պառլամենտում մեկուսացվել են ու մենակ են, նրանք այդ վտանգը զգում են, որ հանրությունից էլ պետք է մեկուսացվեն, և ավելի լավ է` մի քանի հոգով հավաքվեն, գոնե Նոր տարի և Ամանոր կնշեն. դա ճարահատյալ մարդու իրավիճակ է, որ այլ ելք չունեն, նրանք ճարահատյալ վիճակում են գտնվում, որովհետև տեսնում են, որ հետևորդներ չունեն, դրա համար այդ մի քանի բախտախնդիրներն են մնացել, որ իրար գլուխ հավաքված` ցանկանում են Ամանորը նշել։ Իմ հարևաններն էլ մեր բակում պետք է Նոր տարին նշեն, որոնց ես տրամադրել եմ տոնածառ և բոլոր հարմարությունները, որ կարողանան նշել Նոր տարին»։

Տեսանյութեր

Լրահոս