«Հուսով ենք` գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին թույլ կտան նեղացնել տարաձայնությունների շրջանակը»

Հարցազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

– Պարոն դեսպան, Ձեր վերջին մամլո ասուլիսի ընթացքում ԼՂ հակամարտության կողմերի նախագահներին կոչ արեցիք հանդիպումների ընթացքում սկսել բանակցել ամենադժվարին հարցերի շուրջ, ընդգծելով, որ տարվա ընթացքում մեկ կամ երկու հանդիպումը բավարար չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի համար: Դուք նաև տեղեկացրեցիք, որ համանախագահները կողմերի համար պատրաստել են որոշակի առաջարկներ: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները: Ի՞նչ է տեղի ունեցել:

Ավելի քան մեկ տարի հանդիպումներ չունենալուց հետո կարևոր էր, որ Նախագահները խոսեին դեմ առ դեմ ու հստակեցնեին իրենց դիրքորոշումները: Կարծում ենք՝ դրական էր, որ նրանք քննության առան մի շարք հարցեր, այդ թվում՝ լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին, և լուծման վերաբերյալ առաջարկները: Նախագահներն առանձնակի մտահոգություն հայտնեցին քաղաքացիական զոհերի վերաբերյալ և վերահաստատեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությունը:

Դուք նախագահներին կոչ արեցիք քննարկել ամենաբարդ հարցերը: Ո՞ր հարցերը նկատի ունեիք:

– Խնդրի կարգավորման այն տարրերը, որոնց լուծում կարող են տալ միայն Նախագահները, վերաբերում են Ադրբեջանին տարածքներ վերադարձնելուն ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը: Հանդիպման ընթացքում նախագահները հնարավորություն ունեցան հստակեցնել իրենց դիրքորոշումները, և մենք հուսով ենք, որ գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները թույլ կտան նրանց նեղացնել տարաձայնությունների շրջանակը, որ կա համաձայնագրի այս և այլ տարրերի մասով:

Ժամանակ առ ժամանակ համանախագահները, համանախագահ երկրների ԱԳ նախարարները խոսում են սեղանին գտնվող որոշ առաջարկների մասին: Այս անգամ նման առաջարկների մասին է խոսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ պնդելով, թե դրանք արվել են Լավրովի կողմից: Ձեզ ի՞նչ է հայտնի ռուսական առաջարկների մասին: Արդյո՞ք կա Մինսկի խմբից անկախ գործընթաց:

– Համանախագահող երեք երկրներն էլ պաշտպանում են հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայումս բանակցվող առաջարկները: Պարոն Լավրովի ներգրավվածությունը՝ որպես համանախագահող երկրի արտգործնախարար, լրացնում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համանախագահների ակտիվ քննարկումները՝ սեղանին գտնվող առաջարկների շուրջ:

Ինչպե՞ս եք Դուք բացատրում վերջին լարվածությունը սահմանին և շփման գծում:

– Ցավոք, շատ հաճախ, խոշոր միջոցառումներից առաջ, ինչպիսիք են, օրինակ՝ նախագահների հանդիպումները, նկատվում է լարվածության մեծացում: Խիստ ցավալի է, եթե ուժի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքը կողմերն օգտագործում են՝ որպես հնարավոր լծակ բանակցային սեղանի շուրջ: Նույնչափ ցավալի է տեսնել, որ կողմերը շարունակում են բռնությունները Նախագահների հանդիպումից հետո, հատկապես այն բանից հետո, երբ Նախագահներն իրենք մտահոգություն հայտնեցին վերջին շրջանի լարվածության և, մասնավորապես, քաղաքացիական անձանց կյանքեր խլած միջադեպերի մասին: Թույլ տվեք հստակեցնեմ. համանախագահները միաձայն մերժում են այս հակամարտության ռազմական լուծման տարբերակը: Մենք հուսով ենք, որ կողմերը կձեռնարկեն քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Ձեր վերջին մեկնաբանություններից մեկում նշել էիք, որ սպասում եք ԵԱՀԿ-ում Գերմանիայի հետ սերտ աշխատանքին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Ի՞նչ եք ակնկալում ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունից և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից հաջորդ տարի:

– Գերմանիան հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում նախագահելու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձնելու երկարաձգված հակամարտությունների կարգավորմանը: Նոյեմբերին Համանախագահները կառուցողական խորհրդակցություն են ունեցել Գերմանիայի ԵԱՀԿ հանձնախմբի հետ: Մեր գերմանացի գործընկերները մեզ ասել են, որ որպես ԵԱՀԿ անդամ պետություն և ԵԱՀԿ գործող նախագահ՝ իրենք պատրաստ են լիակատար աջակցություն ցուցաբերել համանախագահներին:

Տեսանյութեր

Լրահոս