Խոշոր բիզնեսը պետբյուջե կվճարի 383.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցի 9 տոկոսով

ՀՀ ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 կազմակերպությունների հարկային եկամուտները 2015-ին կկազմեն 383.3 մլրդ դրամ՝ 2014-ի 351.3 մլրդ դրամի դիմաց, ինչն, ըստ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի, նախորդ տարվա համեմատ ավելի է 32 մլրդ դրամով կամ 9 տոկոսով: 2015-ի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուների տասնյակում են` «Գազպրոմ-Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ղ-Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ, «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ամերիաբանկ» և «Տրանսգազ» ընկերությունները, որոնք ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 151.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա 142.8 մլրդ դրամի դիմաց: «Ընթացիկ տարում հարկային եկամուտների աճ է արձանագրվել` մանրածախ առևտրի ոլորտում՝ 37 տոկոսի չափով, կաթնամթերքի արտադրությունում՝ 33, ծխախոտի ներմուծման, արտադրության և վաճառքի ոլորտում՝ 21 և հանքարդյունահանման բնագավառում` 18 տոկոսի չափով»,-ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը:

Իսկ հարկային մուտքերի նվազում է արձանագրվել՝ 24.3 տոկոսով` կապի և 18 տոկոսով` ալկոհոլային խմիչքի ներմուծման, արտահանման, արտադրության և վաճառքի ոլորտներում: Իրացման շրջանառության աճ է արձանագրվել` 16 տոկոսով մանրածախ առևտրի, 13 տոկոսով բանկային և ֆինանսավարկային գործունեության և 13 տոկոսի աճ էլ՝ հանքարդյունահանման ոլորտներում, իսկ նվազում` ալկոհոլային խմիչքի ներմուծման, արտահանման, արտադրության և վաճառքի ոլորտներում` 17.3 տոկոսի չափով, շինարարության բնագավառում` 10.5 տոկոսի, պարենային և ոչ պարենային ապրանքների ներմուծման, արտադրության, վաճառքի ոլորտներում` 8 տոկոսի չափով:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ղեկավարի խոսքով` 2014 թվականի համեմատ ընթացիկ տարում հարկային բեռն աճել է 0.4 տոկոսով, ԱԱՀ-ի գծով` 0.6 տոկոսով, իսկ շահութահարկի մասով հարկային բեռի փոփոխություն չի արձանագրվել: 2015 թվականի ընթացքում ՀԴՄ-ների շահագործման կանոնների ճշտության ստուգմամբ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն արձանագրել է 10 անգամ ավելի գումար, քան նախորդ տարի.

«Եթե 2014-ին արձանագրվել էր շուրջ 30 միլիոն դրամ տուգանք, ապա 2015-ին այդ թիվը կազմել էր ավելի քան 300 միլիոն դրամ»,-նշել է Ռաֆիկ Մաշադյանը: Տեսչության դիտարկմամբ` դեռևս ռիսկային են շարունակվում համարվել հատկապես հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտները, որտեղ ավելի շատ են ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերն ու վնասով աշխատող ընկերությունները: Ըստ Ռաֆիկ Մաշադյանի, 2016-ի հիմնական շեշտադրումը լինելու է գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հսկողությունը. «Հարկային մարմինը խիստ հետևողական է լինելու գործընթացի կարգավորման նկատմամբ, որպեսզի մեր երկրում կատարվող բոլոր գործարքներն ամբողջությամբ փաստաթղթավորվեն: Առանձնակի ուշադրություն է դարձվելու նաև ագրեսիվ հարկային պլանավորման երևոււյթների կանխարգելմանն ու բացահայտմանը»:

Կարդացեք նաև

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս