Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել ԼՂ-ի վերաբերյալ առկա առաջարկների վրա աշխատանքները. Մամեդյարով
Ադրբեջանը կոչ է անում ակտիվացնել աշխատանքը բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների վրա՝ փոխելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս-քվոն։ Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինս հայտարարել է, թե հայկական զինված ուժերի դուրսբերումն «օկուպացված ադրբեջանական տարածքներից» կնպաստի վերացնել էսկալացիան, կստեղծի բարենպաստ հող հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները բազմիցս հայտարարել են ստատուս-քվոյի անթույլատրելիության մասին, ու, որ այն պետք է փոխվի:
Մամեդյարովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ու զորքերի շփման գծի երկայնքով կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերն իրականում չեն էլ դադարել երբեք, ու «պատերազմը շարունակվում է 20 տարուց ավելի»:
Նա դարձյալ հայկական կողմին մեղադրել է նրանում, որ իր զորքերը դուրս չի բերում «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
«Առանց Հայաստանի զինված ուժերի դուրսբերման Ադրբեջանի օկուպացված տարածքներից չի կարելի խոսել խաղաղության ապահովման մասին»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: