«ԲՀԿ-ն կարող է այնպիսի փակագծեր բացել, որ իրենք կարող են լուծարման եզրին կանգել». Վահան Բաբայանը զգուշացնում է
«Ընդդիմության այն հատվածը, որը փողոցում 10-15 հոգանոց երթեր էր անում, պահանջներ էր ներկայացնում, այդ տեսակի ընդդիմությունը անհասկանալի գործելաոճ որդեգրեց ու ևս մեկ անգամ մարդկանց տարավ հուսահատության»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2015 թվականը՝ այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նրա գնահատմամբ՝ ցույցեր անող ընդդիմադիր հատվածի գործողությունները անլրջության մասին էին. «Մենք բավականին երկար ժամանակ ասում էինք, որ «հեռացի՛ր, հեռացի՛ր» ասելով՝ ոչ մի իշխանություն չի հեռանում, առանց ընտրությունների՝ ուրիշ միջոց չկա իշխանափոխություն անելու: Նրանք, ովքեր ասում են՝ «ով մեզ հետ չի, մեր դեմ է» ծեծված լոզունգերը, ես նրանց զոմբիների հետ եմ համեմատում, դա զոմբիություն է: Չէի ուզենա փակագծեր բացել, անուններ տալ նրանց, ովքեր օր ու գիշեր փնովում են ԲՀԿ-ին ու վարկաբեկում: ԲՀԿ-ն կարող է այնպիսի փակագծեր բացել, որ իրենք կարող են լուծարման եզրին կանգել»:
168.am-ի հարցին՝ ասում եք ընդդիմությունը ևս մեկ անգամ հիասթափեցրեց հանրությանը, այդ ԲՀԿ-ն չէ՞ր, որ փետրվարին հասարակության սպասումները չարդարացրեց, և այդ տեսանյունից՝ ինչպիսի՞ն էր տարին ԲՀԿ-ի համար, Վ. Բաբայանը պատասխանեց, որ կյանքը շարժվում է առաջ, ԲՀԿ-ի ներկա գործիչնեը բացահայտ ներկայացրել են իրենց ծրագրերը, չեն խուսափել տալ գնահատականներ այդ կամ այն գործընթացներին. «Նման մոտեցումները ուղղակի անարդար են ԲՀԿ-ի համար, մենք ամեն օր այդ հարցերի պատասխանները տվել ենք, ձեր բերած համեմատականները անարդար են, քանի որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է շարունակում այսօր մնալ, ինքնախաբեությամբ երբեք չենք զբաղվել, չենք ասել բան, որը չէինք կարող անել: 2016 թվականին փորձելու ենք մոբիլիզացնել մեր ուժերն ու ներկայանալ 2017 թվականի ընտրություններին»: