«Ռուսները թուրքական ապրանքներ չեն գնում, իրենք ունեն կամք, ինքնասիրություն, մեզ մոտ դա չի կիրառվում». Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա՝ հաշվի առնելով այն, որ շատ ապրանքներ ներկրում ենք Թուրքիայից, ասաց, որ վերջերս մարդիկ էին եկել Ռուսաստանից ու ասում էին, որ ռուսները թուրքական ապրանքներ չեն գնում, իրենք ունեն կամք, ինքնասիրություն, մեզ մոտ դա չի կիրառվում.

«Հիմա մեր բնակչությունն ուրախացել է, որ թուրքական էժան ապրանքներ են հայտնվում մեր շուկայում, որովհետև Թուրքիան չի կարողանում Ռուսաստանում իրացնել, Հայաստան է բերում: Այսինքն՝ մենք այդ կամքը չունենք, որ բոյկոտենք ու չգնենք թուրքական ապրանք: Մենք գնում ենք շուկայական մտածելակերպով՝ կարևորը էժան գնով ապրանքն է, չենք խորանում՝ ո՞վ է բերել, ի՞նչ է բերել: Ցիտրուսների հարցում դեռ ոչինչ, բայց եթե նայենք մյուս ապրանքներին, որոնք կարող են էական մրցակցություն առաջացնել, եթե այս իրավիճակը պահպանվի, սա խնդիր կառաջացնի, օրինակ՝ բանջարեղենի տեսակների համար: Թուրքիան ունի գյուղատնտեսական հզոր ինդուստրիա:

Հիմա Հայաստանում ջերմոցային արտադրությունն են փորձում զարգացնել, բայց հաշվի առնելով, որ մեզ մոտ գազն ու լույսը թանկ են, չեմ կարծում, որ կարող են մեր ապրանքները լինել մրցունակ թուրքական ապրանքների նկատմամբ: Այսինքն՝ կարող է որակյալ ապրանքներ ստեղծվեն, բայց դրանք արտահանվեն դուրս ու Հայաստանում չվաճառվեն: Մենք չենք կարողանա Հայաստանում դրանք վաճառել, եթե թույլ տանք, որ Թուրքիայից էժան գներով բերվեն»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս