«Ռեալում» լրջորեն մտածում են Մոուրինիոյի վերադարձի մասին
Ինչպես հաստատում է Cadena Ser-ը, մադրիդյան «Ռեալի» ղեկավարությունը՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, մտածում է այն մասին, որպեսզի Ժոզե Մոուրինիոյին վերադարձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնին:
Նույն աղբյուրը հաղորդում է, որ Պերեսն արդեն մոտ օրերս Ռաֆա Բենիտեսին կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Նշվում է մասնավորապես, որ մարզչի հեռացմանը ցանկանում են հասնել ֆուտբոլիստները, քանի որ նրանց և մարզչի միջև բացարձակ անհամաձայնություն է առաջացել: Պերեսը, ում պլանների մեջ ի սկզբանե չէր մտնում Բենիտեսի հեռացումը, եզրահանգման է եկել, որ այդ մասնագետի ղեկավարությամբ թիմը դարձել է անկառավարելի:
Մոուրինիոն օրերս հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից: ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նա մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը դառնալուն, սակայն պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը հերքել է այդ ինֆորմացիան:
Մոուրինիոն գլխավորել է «Ռեալը» 2010-13թթ. և հաղթել է Իսպանիայի գավաթը, երկրի առաջնությունը և Իսպանիայի սուպեր գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը