«Բա Շմա՞յսը». «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ամենահիմար բանը, որը կարող է անել բանական մարդը, վիճելն է: Բայց հիմարության գագաթնակետն է վիճել պոպուլիստի հետ: Որովհետեւ նրա նպատակն է ոչ թե խնդիրը քննարկելը, այլ իր նմաններին եւ ամբոխին դուր գալը: Ենթադրենք, ես գրում եմ. «Եկեք մայթին չգցենք ծխախոտի մնացորդը»: Կարծես թե միանգամայն նորմալ, բանական կոչ է: Բայց պոպուլիստը դրան հրաշալի «հակափաստարկ» է գտնում: Նա չի կարող ասել, որ մայթերն աղտոտելը լավ բան է, սակայն նա գիտի, թե ինչպես է հնարավոր ցանկացած թեմա օգտագործել ամբոխին հաճոյանալու համար: Եվ ի պատասխան մայթերը չաղտոտելու կոչին նա պատասխանում է` «Բա Շմա՞յսը»:
Եվ եթե սխալվես ու հարցնես` ի՞նչ կապ ունի այստեղ Շմայսը, ամբոխահաճն արդեն կընկնի իր տարերքի մեջ. «Ինչպե՞ս թե կապ չունի` երկրում անպատժելիության մթնոլորտ է, կոռուպցիան հասել է ահռելի մասշտաբների, աղքատությունը, արտագաղթը» եւ այլն:
Այսինքն` վերցվում է մի «հնչեղ» անուն, որն այս կամ այն ձեւով ասոցացվում է մեր երկրի արատների հետ (հիմնականում` արդարացիորեն), իսկ բուն բովանդակությունը` փողոցները մաքուր պահելը, այլեւս նահանջում է երկրորդ պլան: Եվ ամենակարեւորը՝ ստացվում է, որ Շմայսի գոյությունը ինչ-որ տեղ նույնիսկ արդարացնում է մայթին ոչ միայն ծխախոտ գցելը, այլեւ թքելն ու բնական կարիքները հոգալը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: