Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը Հայաստանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 51-րդ շաբաթվա (14-20.12.2015թ.) ընթացքում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: Նման իրավիճակ է նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է Եվրոպական տարածաշրջանի համաճարակային իրավիճակին: Դիտվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք՝ համաձայն հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալների։
2015 թվականի դեկտեմբերի 14-20-ը՝ 2459 սուր շնչառական վարակների դեպք,
2014 թվականի դեկտեմբերի 14-20-ը՝ 2421 դեպք:
Նմանատիպ իրավիճակ է դիտվել նաև վերջին շաբաթների ընթացքում։
Հանրապետության բժշկական կազմակերպություններում բուժվում են թոքաբորբ և բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Հիվանդների կլինիկան վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել է վիրուսային ծագման թոքաբորբով մահվան մեկ դեպք (գրիպ Ա): Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը տառապել է սրտի իշեմիկ հիվանդությամբ և բժշկական օգնության է դիմել միայն հիվանդության 5-րդ օրը: Մահվան պատճառը եղել է հիվանդի հիմնական՝ սրտի իշեմիկ հիվանդությունը:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով այսօր հանրապետությունում շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ` գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ:
Հանրապետությունն ապահովված է հակավիրուսային պատրաստուկներով, որոնք նախատեսված են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության համաձայն այսօր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից վերջինս դասվել է մարդու համար բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար երևէ սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
– խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
– եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
– հագնվե´ք եղանակին համապատասխան,
– պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
– հետևե´ք անձնական հիգիենային: