Մեղադրանք է առաջադրվել` հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 35-ամյա տղամարդուն` հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար։
2015թ. դեկտեմբերի 06-ին ահազանգ էր ստացվել Արագածոտն մարզի բնակիչ, երիտասարդ հղի կնոջից՝ իր նկատմամբ իրենց ընտանիքի բարեկամի կողմից բռնաբարության փորձ կատարելու վերաբերյալ, ինչը կանխվել էր ամուսնու կողմից։
Դեպքի առթիվ դեկտեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և որոշում կայացվել՝ հղի կնոջը տուժող ճանաչելու մասին։
Քննությամբ պարզվել է, որ ընտանիքի բարեկամը դեպքի օրը հյուրընկալվել է երիտասարդ զույգին և օգտվելով ամուսնու՝ տանը չլինելու հանգամանքից՝ բռնություն է գործադրել հղի կնոջ նկատմամբ, հարվածել և փորձել սեռական բնույթի գործողություններ կատարել, ինչը կանխվել է ժամանակին տուն վերադարձած ամուսնու կողմից, իսկ տղամարդը դիմել է փախուստի։
Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի վայրից փախուստի դիմած անձը հայտնաբերվել է, և նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ դեկտեմբերի 17-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետով։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: