«Քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ուժային միջոցներից, հրադադարի ռեժիմի պահպանումը մնում է առաջնահերթ խնդիր». Մասիս Մայիլյան

«ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումն առաջնահերթ խնդիր է մնում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, անդրադառնալով Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքներին:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն էին տարածել: Համանախագահներն ընդգծել էին, որ գագաթաժողովը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումն առանձնազրույցի տեսքով հանդիպման ժամանակ:

Մասիս Մայիլյանը նշեց, որ իրականում քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել քաղաքական խնդիրներն ուժային միջոցներով լուծելու քաղաքականությունից, հրադադարի ռեժիմի պահպանումը մնում է առաջնահերթ խնդիր՝ ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, այնպես էլ՝ ԼՂ հակամարտության հայկական կողմերի համար: Ուստի Բեռնում, ըստ նրա՝ քննարկումների հիմնական թեման ոչ թե հակամարտության կարգավորումն էր, այլ հրադադարի պահպանումը:

«Դա ամրագրված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եզրափակիչ հայտարարությունում, որում ասված է, որ նախագահներն աջակցում են միջնորդների աշխատանքին հրադադարի ռեժիմի խախտման ռիսկերը նվազեցնելու, այդ թվում՝ միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը մշտապես աջակցել են այս գաղափարին»,- նշեց Մասիս Մայիլյանը` շարունակելով, որ Ադրբեջանը չի ցուցաբերել որևէ հետաքրքրություն այս հարցի լուծման համար, քանի որ վերահսկողական մեխանիզմի բացակայությունն ադրբեջանական զինված ուժերին թույլ է տալիս Արցախի հետ շփման գծում և ՀՀ-ի հետ սահմանին կնքված հրադադարի պայմաններում գործած սպանությունների համար պատասխանատվությունից խուսափել:

Կարդացեք նաև

«Թե որքանով են փոխվել ադրբեջանական կողմի մոտեցումները՝ հայտնի կդառնա մոտ ապագայում: Եթե ադրբեջանական կողմն իսկապես ցուցաբերի հետաքրքրվածություն հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ապա իրավիճակը սահմաններին կկայունանա: Սակայն Ադրբեջանը դեռևս չի իջեցնում կրակոցների ինտենսիվությունը՝ նույնիսկ բարձր մակարդակով հանդիպումից հետո»,- ասաց Մասիս Մայիլյանը:
Մասիս Մայիլյանի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս