«Սերժ Սարգսյանի ելույթը՝ Հայաստանի դիրքորոշումը բխում էր ներկայիս ստեղծված իրավիճակից». Ռուբեն Մեհրաբյան

«Սա արտառոց ելույթ էր, և այդ արտառոցությունը բխում է այն իրավիճակից, որ ստեղծվել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում ու դրա շուրջ և, ընդհանրապես, այդ ՀԱՊԿ կոչված կազմակերպության շուրջ: Եվ պետք է ասել, այս ձևով ելույթը և այս ելույթով ներկայացված Հայաստանի դիրքորոշումը բխում էր ներկայիս ստեղծված իրավիճակից: Այսինքն՝ այդ ելույթը գալիս էր հենց իրականությունից, և մենք, փաստորեն, տեսանք, որ դրան հակադրելու ոչինչ չունեցան ՀԱՊԿ մեր, այսպես կոչված, դաշնակիցներից և ոչ մեկը: Օրինակ բերվեց այն, որ նույնիսկ Հունաստանն արդարացրեց Թուրքիայի քայլը՝ ուղղված ռուսական ինքնաթիռի դեմ, համեմատության մեջ դրվեց, թե ինչպես են հարցերը լուծվում 28 անդամ ունեցող ՆԱՏՕ-ում, և ինչպես է դա տեղի ունենում ՀԱՊԿ-ում, երբ նույնիսկ հեռախոս չեն վերցնում ու հարցնում, թե ինչո՞ւ է մեր դաշնակից Հայաստանի վրա կրակում ինչ-որ մի երրորդ երկիր, էլ չեմ խոսում, այսպես կոչված, արտաամուսնական կապերն Ադրբեջանի հետ, որ ՀԱՊԿ-ից դուրս պաշտպանում են ՀԱՊԿ անդամ, իբր թե, ՀՀ դաշնակիցները, և այդ կապերով վնասում Հայաստանի շահերին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով երեկ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին:

Ըստ նրա՝ ելույթն արձանագրային բնույթի էր, բայց արտառոց է նրանով, որ մինչ այս այդ ամենը չի ասվել, և սա նաև ուղղված էր ընդդեմ Ռուսաստանի: Ռ. Մեհրաբյանը նշեց, որ եթե Ռուսաստանը Թուրքիային ուզում է ինչ-որ բան ապացուցել, ապա պետք է թույլ չտալ, որ դա տեղի ունենա Ղարաբաղում կամ հայ-թուրքական սահմանի վրա, այսինքն՝ Ռուսաստանին և Թուրքիային չպետք է թույլատրվի, որպեսզի Կովկասում բացվի կովկասյան ճակատ՝ այնպես, ինչպես պատմականորեն միշտ եղել է ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Նրա խոսքով՝ սա ուղղակի ՀՀ ղեկավարության պարտքն է հայ ժողովրդի առաջ:

Թե ի՞նչ զարգացումներ կհաջորդեն այս ելույթին, Ռ.Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանը ներկայումս լավ հնարավորություն ունի այս ռուս-թուրքական դիմակայությունից առաջացած մարտահրավերը վերածել շանսի ՝ դիվերսիֆիկացնելու իր անվտանգության քաղաքականությունը և արտաքին քաղաքականությունը և թուլացնելու աննորմալ կախվածությունը Ռուսաստանից, ինչը միայն հակասում է Հայաստանի կենսական կարևորության շահերին.

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր .

«Ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։

Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն՝ չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ՝ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:

Տեսանյութեր

Լրահոս