«ՀԱՊԿ-ի անարձագանք գործելաոճին նման գնահատական պետք է տրվեր վաղուց». Նաիրա Զոհրաբյան

«Սերժ Սարգսյանը նման գնահատական պետք է հնչեցներ շատ ավելի վաղուց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն առաջին անգամ իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքականության վերաբերյալ` ընդգծելով, որ ՀԱՊԿ-ը խախտում է իր իսկ կանոնադրությունը: «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։

Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված:Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը շատ հստակ արտահայտեց այն, ինչ պետք է ասվեր շատ ավելի վաղուց: Նրա որակմամբ` հստակ էր ասված, որ Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած կրակոց ուղղված է ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի դեմ: Ըստ նրա՝ հստակ էր նաև այն, որ միջազգային կառույցներում միմյանց դեմ քվեարկելը և տարբեր ալյանսներ կազմելը ՀՀ-ի դեմ երբևէ չէր նպաստելու սահմանային լարվածության մեղմացմանը: Զոհրաբյանը հիշեցրեց իր բազմիցս ասած խոսքերը, որ ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարության նշան դնելն ուղղակիորեն նշանակում է խրախուսել ագրեսորին:

Կարդացեք նաև

«Սերժ Սարգսյանի ելույթի հետ միանշանակ համաձայն եմ, հստակ, բաց տեքստով ասված խոսք էր և կարծում եմ՝ այն, ինչ հնչեցվեց երեկ, շատ ավելի վաղուց պետք է ասվեր: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները արված հստակ խոսքից պետք է հետևություններ անեն: Որևէ դաշինք չի կարող և չպետք է լինի ինքնանպատակ այդ թվում ՀԱՊԿ-ն»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նաև պարզաբանեց, թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց պահանջատիրություն հնչեցնել հենց ներկայումս: «Շատ պարզ է, որովհետև Ադրբեջանն անցել է չհայտարարված պատերազմի, որովհետև Ադրբեջանն արդեն գործի է դնում ծանր զինատեսակներ, հրադադարից ի վեր առաջին անգամ տանկային հրաձգություն եղավ և նաև թուրքական արտադրության ծանր զինատեսակներ, շատ մեծ է պատերազմի վտանգը և ՀԱՊԿ-ի անարձագանք գործելաոճին, կարծում եմ, պետք է տրվեր գնահատական և պետք է տրվեր շատ ավելի վաղուց և եթե տրվեր շատ ավելի վաղ և լիներ համարժեք արձագանք գուցե Ադրբեջանը չլիներ այդքան սանձարձակ և այդքան լկտի»,- վստահեցրեց ԱԺ պատգամավորը:

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեն այս ելույթին ՀԱՊԿ անդամ երկրները, որոնցից մեծամասնությունը հատուկ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ կա ՀԱՊԿ պայմանագիր, կան հստակ հանձնառություններ, պարտավորություններ, որի տակ ստորագրել են Ալիևի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեցող Լուկաշենկոն և Ալիևի հետ նույնքան ջերմ հարաբերություններ ունեցող Նազարբաևը: «Եթե իրենց համար շատ ավելի կարևոր է Ալիևի հետ հարաբերությունները, ապա իրենք չպետք է ստորագրեին ՀԱՊԿ պայմանագիրը և ստանձնեին նման պարտավորություններ: Այնպես որ՝ ընտրությունն իրենցն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս