«Կասկած չկա՝ սահմանադրական հանրաքվեից հետո գալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են վճռորոշ»
Մեր զրուցակիցն է «Ռազմավարական զարգացման ինստիտուտ» ԲԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Էդվարդ Անտինյանը
– Պարոն Անտինյան, տեղեկություններ կան, որ Դուք մասնակցում եք Արա Աբրահամյանի նախաձեռնած «Ազգային միասնություն» շարժման աշխատանքներին, բայց համառորեն հրաժարվում եք հերքել կամ հաստատել դա:
– Արա Աբրահամյանն իր ծրագրերի մասին անձամբ է հանրությանը տեղեկացրել, իսկ նախապատրաստական աշխատանքների հետ կապված էլ պարբերաբար պաշտոնական հաղորդագրություններ է տարածում իր նախաձեռնած «Ազգային միասնություն» շարժման կազմկոմիտեն, ուստի ես ավելացնելու կամ մեկնաբանելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ իրավասություն:
– Հարցն այլ կերպ ձևակերպենք, որպեսզի չխուսափեք պատասխանելուց: Գաղտնիք չէ, որ առաջիկա ԱԺ ընտրությունների միջոցով փորձ է արվելու ՀՀ-ում կյանքի կոչել Իվանիշվիլիի սցենարը: ՌԴ-ից կգա մեծահարուստ մեկը, ասենք՝ Արա Աբրահամյանը, իր շուրջ կհամախմբի Հայաստանի ռուսամետ ուժերին, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթեն, Մոսկվայի աջակցությամբ հաղթանակին տեր կանգնեն ու գան իշխանության: Իսկ թե ՌԴ-ի դրածոներն ո՞ւմ շահերը կսպասարկեն՝ դժվար չի ենթադրել: Ասում են՝ այդ գործում ընդգրկված է նաև Անդրանիկ Նիկողոսյանը, այդ դեպքում Դուք ո՞ւմ քաղաքական ծրագրերին եք մասնակից լինելու՝ Նիկողոսյանի՞, թե՞ Աբրահամյանի:
– Նախ՝ «ռուսամետ ուժեր», «դրածո» ասելն այնքան էլ կոռեկտ ձևակերպումներ չեմ համարում: Իմ կարծիքով՝ խոսքն այն ուժերի մասին է, որոնք իրենց արտաքին քաղաքական գերակայությունն են համարում հայ-ռուսական բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ մեր երկրի: Ու կարծել, թե Մոսկվայի աջակցությամբ են փորձելու իշխանության գալ ու նրա շահերը սպասարկել, ես կտրականապես մերժում եմ: Նման ուժերն անելիք չունեն մեր երկրում՝ լինեն Մոսկվայի դրածո՞ն, թե՞ Վաշինգտոնի: Իսկ եթե զուգահեռներ են անցկացվում վրացական տարբերակի հետ, ապա Իվանիշվիլիին Ռուսաստանի դրածո համարելու համար պետք է ունենալ չափազանց վառ երևակայություն:
Այն, որ սահմանադրական հանրաքվեից հետո գալիք խորհրդարանական ընտրությունները լինելու են վճռորոշ, կասկած չկա: Այն, որ ես մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա քաղաքական զարգացումներին, դա էլ է միանշանակ, իսկ թե ո՞ւմ հետ, դեռ վերջնական որոշված չէ: Չեմ բացառում, որ դա լինի Արա Աբրահամյանի ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, քիչ հավանական եմ համարում, որ Անդրանիկ Նիկողոսյանը քաղաքական հայտ կներկայացնի առաջիկայում, կարծում եմ՝ ձեր տեղեկությունը հավաստի չէ, թեպետ այդ հարցին ինքը կարող է պատասխանել:
Եվ հետո՝ ուղղակի բացառվում է, որ ես Նիկողոսյանի քաղաքական ծրագրերին մասնակից լինեմ, եթե այդպիսիք անգամ լինեն: Եթե մեր իշխանությունների ապահով Հայաստանը սա է, ապա Նիկողոսյանի պատկերացրած ապահով Հայաստանն էլ պետք է լինի ՌԴ-ի կազմում: Սա կարելի է դիտարկել՝ որպես մասնավոր կարծիք, որը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում, և զարմացել եմ, որ դա այնքան լուրջ էին ընդունել, որ լայնամասշտաբ հարձակում էին սկսել Նիկողոսյանի դեմ:
Բայց երբ դա փորձես որպես քաղաքական ծրագիր ներկայացնել հանրությանը, սուվերեն երկրում ուրիշ երկրի կազմ մտնելու քարոզչություն տանել, ապա ոչ միայն խնդիր կունենաս օրենքի հետ, այլև քաղաքական թիմ չես կարող ձևավորել, որի անդամները հրապարակային քարոզ անեն ՀՀ-ի՝ ինքնիշխանությունից հրաժարվելու օգտին, եթե անգամ նման կարծիքի կողմնակիցները, ցավալիորեն, զգալի թիվ են կազմում մեր հասարակության շրջանում: Ասեմ ավելին, ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ Նիկողոսյանի թիմակիցների հետ, որոնք տարիներ շարունակ նրա հետ միասին տարբեր տնտեսական ու սոցիալական ծրագրեր են իրականացրել մեր երկրում, բայց նրանցից ոչ մեկը, անգամ՝ մասնավոր զրույցներում, կարծիք չի հայտնել, որ կողմնակից է Հայաստանի՝ ՌԴ կազմի մեջ մտնելուն, էլ ուր մնաց, թե՝ նման քարոզչություն անեն բացեիբաց:
– Բայց ինչպե՞ս եք մերժելու, եթե Նիկողոսյանի հետ եք աշխատում:
– Շատ պարզ: Ժամանակին տարբեր պետական պաշտոններ եմ զբաղեցրել, բայց երբեք չեմ անդամակցել իշխող որևէ կուսակցության. ո՛չ ՀՀՇ-ի իշխանության օրոք՝ ՀՀՇ-ին, ո՛չ էլ ՀՀԿ-ի օրոք՝ ՀՀԿ-ին: Չմոռանամ նշել, որ ոչ էլ կոալիցիոն որևէ ուժի:
– Իսկ եթե նման պահանջ, այնուամենայնիվ, դրվի, որ պետք է նաև քաղաքական ծրագրերում ներգրավվեք, ի՞նչ եք անելու:
– Եթե նման պահանջ դրվի, ուրիշների փոխարեն չեմ կարող պատասխանել, ասեմ իմ տեսակետը: Եթե շատերը քաղաքականությամբ զբաղվում են իրենց գործերից ազատ ժամերին, այսպես ասած՝ «ձեռքի հետ», ապա ես մշտապես զբաղվել եմ պրոֆեսիոնալ ձևով, ու այլ աշխատանքի եմ անցել միայն այն ժամանակ, երբ քաղաքականության մեջ պաուզաներ են եղել, ու ես իմ ասելիքն ու անելիքը չեմ տեսել այդ փուլում: Բայց առաջին իսկ պատեհ առիթի դեպքում, երբ կարծել եմ, որ հնարավոր է քաղաքական ու հասարակական լայն համախմբման միջոցով մեր երկրում դեպի դրականն ինչ-որ բան փոխել, նախապատվությունը տվել եմ քաղաքականությանը: Այնպես որ, այս դեպքում էլ բացառություն չի լինի: Ուղղակի, քանի դեռ այդ անհամատեղելիության պահը չի եկել, շարունակում եմ բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները:
– Դեռ 2013թ. հունվարի 17-ին մեր թերթին տրված Ձեր հարցազրույցում («Ընդդիմադիր դաշտի տիտանները դարձան «Տիտանիկներ»» վերտառությամբ) ասել եք. «Ես ինձ կուսակցական ակտիվ գործունեության մեջ այս պահին չեմ տեսնում, և շատ ծանրակշիռ պատճառ պետք է լինի, որ մինչև 2015 թվականը որևէ ձևաչափում կուսակցական ակտիվ գործունեությամբ զբաղվեմ: Իսկ իմ հրապարակային վերաբերմունքը տարբեր հարցերի շուրջ մշտապես արտահայտել եմ ու շարունակելու եմ արտահայտել ՝ օր առաջ մեր երկիրն ավելի ժողովրդավար, բարեկեցիկ ու անվտանգ տեսնելու ակնկալիքով»: Հիմա ե՞րբ եք պատրաստվում մտնել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, 2015 թվականն ավարտվում է:
– Կրկեսում թեպետ շատ «լուրջ» ծաղրածուների խաղի ենք ականատես եղել, անգամ այնքան համոզիչ, որ կրկեսը տվյալ ծաղրածուով էին ճանաչում, հետագայում էլ նրա պատվին են անվանակոչել, բայց որքան էլ հարգանքով վերաբերվենք այդ բարդ ու պատասխանատու գործին, մեկ է՝ վերջում հիշում ենք, որ նրանց անելիքն ընդամենը մեզ զբաղեցնելն է, որպեսզի հաջորդ «համարի» դեկորացիաները նախապատրաստեն: Քաղաքականության մեջ էլ տարբերությունը շատ մեծ չէ: Հիմա էլ ավարտվել է սահմանադրական հանրաքվե կոչվող ներկայացումը, դաշտը մի որոշ ժամանակով անցել է իշխանական «պետպատվերի» շրջանակներում գործող ճղճղան ընդդիմադիրի շորերով «ծաղրածուներին», մինչև որ խորհրդարանական ընտրությունների «դեկորացիաները» պատրաստ կլինեն: Այդժամ հաղթանակի հասնելու իրական հնարավորություն ունեցող ու իշխանություններին «տուն ուղարկելու» ունակ ուժ կձևավորվի, ամեն մեկն իր տեղն ու դերը կունենա՝ ըստ իր հնարավորությունների, արժանիքների ու կարողությունների, քաղաքական ակտիվությունն էլ կլինի ճիշտ ժամանակին, անհո՛գ եղեք: