Սպանվող երիտասարդներ՝ հանուն արարողակարգի
Դեկտեմբերի 19-ին կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բավական սպասված, բայց նույնքան անարդյունք հանդիպումը: «Նախագահները որոշում են կայացրել շարունակել աշխատանքը խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը եզրափակվեց 2016 թվականին ուղղված կենացով՝ աշխատելու բանակցային կարգավորման շուրջ»,- նախագահների հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ամբողջ մեկուկես տարվա աշխատանք ու սպասում, և ընդամենը երկու տող: Երկու՝ ոչինչ չասող տող: Երկու տող այն մասին, որ երկու երկրները դեռևս պաշտոնապես պատերազմ չեն հայտարարում: Երկու տող այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները շարունակվելու են: Երկու տող այն մասին, որ գրեթե ամեն օր զոհվելու են հայ և ադրբեջանցի երիտասարդ տղաներ:
Միայն վերջին օրերին՝ 3-4 հայ զինվորների, ըստ հայկական աղբյուրների՝ 13 ադրբեջանցի զինվորների կյանքի գնով իրականություն դարձավ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը շվեյցարական գողտրիկ ու գեղատեսիլ ընդունելությունների տանը: Եվս քանի՞ կամ քանի՞ տասնյակ երիտասադների կյանք է պահանջվելու՝ մինչև երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը՝ «բանակցային գործընթացը շարունակելու նպատակով», անհայտ է, ոչ ոք չի կարող ասել: Հայտնի է միայն, որ զոհեր լինելու են, ու նրանց թվաքանակը կախված է լինելու Ալիևի քմահաճույքից, ով դիվերսիաներ սանձազերծելով՝ սպանում է նաև իր երկրի զինվորներին, ադրբեջանցի երիտասարդ տղաների: Հասկանալի է՝ քաղաքականության, առավել ևս՝ աշխարհաքաղաքականության հարթությունում, որում գտնվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մի քանի տասնյակ երիտասարդների կյանքը, որքան էլ հակամարդկային հնչի, ոչինչ է:
Աշխարհաքաղաքականությունը զոհեր է պահանջում, ու այդ զոհերը մատուցվում են: Երկու կողմից: ԵԱՀԿ Մինսկի խմբի բարձր հովանու ներքո:
Ղարաբաղյան հակամարտությունը հերթական անգամ թևակոխել է այնպիսի փուլ, որում սահմանագծին արձանագրվող մահվան դեպքերը դառնում են վիճակագրություն: Ու մթնոլորտն է դառնում այնպիսին, որ մեր հասարակությունը՝ ցավելով մեր կորուստների համար, սկսում է հրճվանքով կարդալ ադրբեջանցի յուրաքանչյուր զինվորի սպանության մասին լուրը: Ինչպես որ ադրբեջանցիներն են, թերևս, հրճվում՝ զոհված հայ զինվորների թվաքանակի մասին տեղեկանալիս: Դա պատերազմի հոգեբանությունն է, որում թշնամու յուրաքանչյուր զոհ համարվում է հաղթանակ: Պատերազմի այդ հոգեբանությունը ոչնչացնում է մարդուն, մարդկային կյանքը, որի համար երկրներն իբրև թե պատերազմում են, որը փրկելու համար էլ իբրև թե բանակցում են ղեկավարները: Քաղաքական հարթությունում ամեն ինչ այդպես էլ պետք է լինի:
Բայց երևի վաղուց եկել է ժամանակը, որ ղարաբաղյան հակամարտությունը դուրս դրվի կամ նաև դուրս դրվի բացառապես քաղաքական հարթությունից և տեղափոխվի մարդու, առանձին վերցրած անհատի կյանքի հարթություն: Ո՞վ պետք է դա անի, շատ դժվար է ասել: Հաստատ՝ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագետները: Ո՛չ էլ երկու երկրների ղեկավարները: Այդ առաքելությունը կարող էին ստանձնել հայ և ադրբեջանցի մտավորականները, հոգևորականները, մարդիկ, որոնց գործունեությունը կապված է կամ պետք է որ կապված լինի մարդու, մարդու կյանքի արժևորման հետ: Բայց դժբախտաբար, ինչպես՝ Ադրբեջանում, այնպես էլ՝ Հայաստանում մտավորականներն ու հոգևորականները կցված են իշխանություններին և զբաղվում են իշխանությունների քաղաքականության «մտավորական քարոզով»: Իսկ դա ենթադրում է՝ հրճվել հակառակորդի զոհերի թվի աճից ու այդպիսով հայրենասիրություն «սերմանել» լայն մասսաների գիտակցության մեջ:
Ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ կողմից պետք է դադարեցվի այս ընթացքը: Մարդկային կյանքեր խլող այս ընթացքը: Որևէ մեկը չգիտի: Իսկ քանի դեռ չի կանգնեցվել այդ ընթացքը, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է «գործադրել բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու» համար, Ադրբեջանը շարունակելու է դիվերսիոն գործողությունները՝ սպանելով ինչպես՝ հայ, այնպես էլ՝ ադրբեջանցի զինվորների: Ու այդպես՝ մինչև հաջորդ հանդիպում: Բարձր մակարդակի, բնականաբար:
Հարություն Ավետիսյան