«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված». Հայտարարություն
Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Համանախագահներն ընդգծել են, որ գագաթնաժողովը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույցի տեսքով հանդիպման ժամանակ:
«Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում՝ պայմանավորված ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ: Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն: Նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ներգրավվածությունը բանակցային կարգավորման առաջարկների շուրջ:
Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին: Համանախագահները շարունակում են պատրաստակամ լինել կողմերի հետ աշխատանքներ տանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման միջնորդության հարցում»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: