«Ղումարբազությունը» երիտասարդների ինքնասպանությունների հիմնական պատճառներից է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ նրա՝ առաջարկում է հեռուստատեսությամբ, ռադիոյով և տարածման այլ միջոցներով արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը:

«Նախագծերի փաթեթի նպատակն է միանսական մոտեցում ցուցաբերել ինչպես ինտերնետ շահումով խաղերի գովազդի, այնպես էլ խաղատների կամ շահումով խաղերի մյուս տեսակների գովազդի մասով, և սահմանել, որ ինչպես խաղատների մյուս տեսակների, այնպես էլ ինտերնետ շահումով խաղերի դեպքում ևս գովազդն արգելվում է: Դա նշանակում է, որ գովազդը թույլատրվելու է միայն այն դեպքում, երբ խաղի կազմակերպման գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով, կամ դրանք տեղադրվում են ՀՀ սահմանային մաքսային կետերում կամ առնվազն 4 աստղանի որակավորման չափանիշներին բավարարող համապատասխանող հյուրանոցային համալիրներում»,- ասաց Միրումյանը՝ հավելելով, որ փաթեթի նպատակն է նաև ՀՀ քաղացիներին, հատկապես անչափահասներին, հեռու պահել շահումով խաղեր խաղալու մոլուցքից:

Պատգամավոր Թևան Պողոսյանը տարակուսեց, թե այս օրենքի արտահերթությունն ինչով է պայմանավորված: Միրումյանը հղում արեց ժամանակային գործոնին, որ երկար ժամանակ է օրենքը ԱԺ-ում է և դրա համար մտել է արտահերթ նստաշրջան, նաև օր առաջ այս բացասական երևույթները վերացնելը պակաս հրատապ չէ: Ըստ Թ. Պողոսյանի՝ օրենքն իսկապես շատ լավն է, և պետք է նման օրենքները շուտ ընդունել:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ նախագիծը միտված է անթույլատրելի գովազդների վերացմանը և արգելմանը, ինչը շատ կարևոր է լինելու մատաղ սերնդի համար. «Գառան դիմակով պրոֆեսիոնալ շուլլերներն ասում են՝ համեցեք, էստեղ կհարստանաք»: Ըստ նրա՝ «ղումարբազությունը» երիտասարդների ինքնասպանությունների հիմնական պատճառներից է, որ տարվելով գովազդներով, կարծում են, թե սա արագ հարստանալու միջոց է:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ օրենքը լավն է, բայց պետք չի ծայրահեղացնել, որ գովազդի պատճառով է ինքնասպանություն լինում. «Խաղացողը միշտ էլ խաղում է, թող գնա ուրիշ տեղ խաղա»:

Տեսանյութեր

Լրահոս