ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Նորատուս գյուղում ստեղծված լարված իրավիճակի մասին
Ձեր լրատամիջոցի «Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. Նորատուս գյուղի բնակիչները պահանջում են մարզի դատախազին» հրապարակման վերաբերյալ Ձեզ ենք ուղարկում ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պարզաբանումը:
Տեղեկացնում ենք, որ ինչպես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, այնպես էլ բոլոր դատախազներն իրականացնում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները:
Ինչ վերաբերում է Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Օհանյանի վերաբերյալ քրեական գործին, ապա տեղեկացնում ենք.
10.11.2015թ.-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչներ Ա.Ղ.-ի և Լ.Ս.-ի կողմից ոստիկանության Մարտունու բաժնին ներկայացված դիմումների հիման վրա Մարտունու քննչական բաժնում նյութերի նախատապրաստման ընթացքում ձեռք բերված փաստերով քննչական կոմիտեի Մարտունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Արմենի Օհանյանի կողմից խուլիգանություն կատարելու փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Կարեն Արմենի Օհանյանը ձերբակալվել է: 2015 թվականի նոյեմբերի 13-ին Կարեն Արմենի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով. / Հոդված 258. Խուլիգանությունը
- Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
- Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, 3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն) 4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, 5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
- Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:/ մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Կարեն Օհանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վեարբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժել է: Սույն գործով Մարտունու քննչական բաժնում՝ ավագ քննիչ Ա. Մ.-ի վարույթում նախաքննությունը շարունակվում է: Գործով դատավարական հսկողություն է իրականացնում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Է. Հ.-ն: Եվ՛ քննիչը, և՛ դատախազը իրականացնում են օրենքով իրենց վեարապահված լիազորությունները: Քննիչի, դատախազի գործողություններից դժգոհ քաղաքացիները կարող են նրանց գործողությունները բողոքարկել վերադաս դատախազին և դատական կարգով:
Հարգանքով՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին