Վեճ ԱԺ-ում. «Չեմ կարող գալ, Ձեզ գրկեմ և հրավիրեմ դուրս, ի՞նչ անեմ, մի հատ ջենտլմեն չկա՞, հրավիրեք դուրս». Շարմազանովը՝ Փոստանջյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում վիճաբանություն տեղի ուենցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջև: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է, որ ՀՀ-ում անմաքս առևտրի ռեժիմից օգտվեն ոչ միայն օդանավակայանի տարածքում գործող առևտրի կետերը, այլև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերն ազատվեն ԱԱՀ-ից, Զ.Փոստանջյանն իր ելույթում հերթական անգամ քննադատության ենթարկեց գործող իշխանությանը, հայտարարեց, որ քաղաքական մոդելը պետք է փոխվի, իսկ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Նա կոչ արեց անհնազանդության՝ հարկերը չվճարելու տարբերակով: Զ.Փոստանջյանի խոսքը, որ որ Գյումրիի ողբերգությունից հետո որպես ՀՀ նախագահ հանդես եկող անձը նույնիսկ ցավակցական խոսքով հանդես չի եկել, «լցրեց»  Շարմազանովի «համբերության բաժակը»: Նա կոչ արեց Փոստանջյանին ըստ էության խոսել:

«Խնդրում եմ կանոնակարգ օրենքը մի՛ խախտեք և մի՛ ընդհատեք, Դուք Գալուստ Սահակյանը չեք»,- Շարմազանովին դիմեց Փոստանջյանը:

«Ես Գալուստ Սահակյանը չեմ, ես Էդուարդ Շարմազանովն եմ»,- վրդովվեց ԱԺ փոխխոսնակն ու կարգադրեց անջատել խոսափողը: Նա հաջորդ ելույթ ունեցող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Միանսյանին հրավիրեց խոսափողի մոտ, սակայն Զ.Փոստանջյանը կանգնել էր ամբիոնի մոտ ու չէր հեռանում:

«Չի կարելի, չէ՞, խեղկատակություն է, ինչ է: Պետք է իրար հարգենք: Խոսքի ազատությունն ու ամենաթողությունը տարբեր բաներ են»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, թե բանավիճելու «հավես» չունի, և Փոստանջյանին հորդորեց գնալ, «խելոք տեղը նստել»:

Զ.Փոստանջյանը սակայն շարունակեց բանավիճել ու պահանջել, որ միացնեն իր խոսափողը:

Շարմազանովը հայտարարեց, որ եթե դահլիճում կա մի պատգամավոր, որ կասի, թե Փոստանջյանն օրենքից խոսել է, ինքը ներողություն կխնդրի: Տեսնելով, որ Փոստանջյանը չի զիջում դիրքերը, Շարմազանովը ասաց. «Սա մանկապարտեզ չի: Ես ո՞նց ասեմ Ձեզ, հորդորե՞մ, խնդրե՞մ: Սա Աազգային ժողով է, չի կարելի: Մարդիկ ուղիղ եթերով նայում են: Էդ կապրիզները գնացեք ուրիշ տեղ արեք: Հարգեք մեր ընտրողներին, ժողովրդին: Օգտվում եք էն իրավունքից, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող գալ Ձեզ գրկեմ և հրավիրեմ դուրս, ի՞նչ անեմ: Մի հատ ջենտլմեն չկա՞, հրավիրեք դուրս»:

Ի վերջո Է.Շարմազանովն ընթերցեց ԱԺ կանոնակարգի 45-րդ հոդվածը կարգազանց պատգամավորի վերաբերյալ. «Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ Ազգային ժողովի նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները  եւ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ:

3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետեւյալ կարգապահական միջոցները՝
ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
բ ) խոսափողի անջատում.
գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
դ) հեռացում` մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից` դահլիճում ներկա լինելուց.
ե) զրկում` մինչեւ 6 օր Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու  իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում: …

Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նիստը վարողը հայտարարում է այն փակված» և հայտարարեց 30 րոպե ընդմիջում:

«Այլ ձև չկա»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս