Երբեմն Սուրբ Հոգուն պատկերում են աղավնու տեսքով, երբեմն՝ սրբի. Սրբապղծություն չէ՞ արդյոք պատկերել Հայր Աստծուն
– Երբեմն Սուրբ Հոգուն պատկերում են աղավնու տեսքով, երբեմն՝ սրբի: Սրբապղծություն չէ՞ արդյոք պատկերել Հայր Աստծուն:
– Աստվածային բնությունն անպատկերագրելի է, դրա համար էլ աստվածային երևույթների և հայտնությունների պատկերագրության համար սրբանկարիչները հաճախ օգտագործում են խորհրդանշաններ (ձկան, աղավնու, օրհնող աջի և այլն): Քրիստոսի մարմնացումը և Նրա «Ես և իմ Հայրը Իմ մի ենք» (Հովհ. 10:30) բառերը հիմք հանդիսացան, որպեսզի Սուրբ Երրորդությունը պատկերվի մարդկային կերպարանքով:
Քրիստոսի, Ս. Աստվածածնի, սրբերի և աստվածաշնչյան պատումների պատկերներ ծանոթ են Քրիստոնեությանը երկրորդ դարից սկսած: Արդեն հինգերորդ դարում քրիստոնեական տաճարների պատերը համատարած զարդարվում էին գեղեցիկ որմնանկարներով: Սուրբ հայրերը հորդորում էին որմնանկարիչներին՝ պատկերել սրբերի և ճգնավորների սխրանքները: Սրբապատկերները, ինչպես նաև հոգևոր գրականությունը, արձանագրությունները և այլն, կոչված էին հիշեցնելու հավատացյալներին Աստծու գործերի (սրբապատկերներ Տյառնընդառաջի, Տիրոջ Մկրտության, Խաչելության և Հարության, Սուրբ կույսի Ավետման և այլն) և Նրա հետևորդների գործերի մասին (Սուրբ Առաքյալների, Հայրապետների, Զորավարների և այլն):
Սակայն 6-8 դարերում ծավալվեց մի ուղղություն, որը հայտնի է պատմության մեջ որպես պատկերամարտություն: Որոշ պատկերամարտներ սրբապատկերները համարում էին կուռքեր, իսկ սրբապատկերների հանդեպ հարգանքը՝ կռապաշտություն, հիմնվելով հինկտակարանյան պատվիրանի վրա «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց» (Ելք. 20: 4-5):
Պատճառն այն էր, որ սրբանկարչության զարգացման հետ զուգընթաց զարգացավ նաև սրբապատկերների նկատմամբ վերաբերմունքի սխալ ուղղություն՝ սրբապատկերները դիտում էին ոչ թե իբրև սրբազան պատմություն նկարագրող պատկերներ, այլ իբրև թալիսմաններ, հմայիլներ (ամուլետներ), այսինքն համարյա այնպիսի վերաբերմունք էր, ինչպիսին կար կուռքերի նկատմամբ՝ հեթանոսության մեջ: Այդ ուղղությունը գտնում էր, որ պատկերները պաշտելի են: Եվ նրանք պաշտում էին հենց պատկերի նյութը՝ այն քար, կտավ, կաշի, փայտ, թե այլ, դառնում էր պաշտելիք: Դրա արձագանքերը մենք հիմա տեսնում ենք հույն և ռուս ուղղափառ եկեղեցիներում, որոնք պաշտում են հենց նյութը՝ հավատալով որոշ սրբապատկերների բուժիչ և հրաշագործ ուժի:
Հանրահայտ աստվածաբան Հովհաննես Դամասկացին իր «Երեք պաշտպանական խոսք ընդդեմ սրբապատկերներ կշտամբողների» աշխատության մեջ առաջին անգամ տարբերակում սահմանեց միայն Աստծուն հարիր պաշտամունքային «ծառայության» և արարված իրերին, այդ թվում նաև սրբապատկերներին, մատուցվող «երկրպագության» միջև: Ուստի հայերը մշակեցին պատկերահարգության ուղղությունը: Այն է, թե տվյալ պատկերի միջոցով մենք պաշտում ենք Քրիստոսին և սրբոց դասերի բարեխոսությունը՝ գլուխ ունենալով Սուրբ Աստվածածնին: Նյութը որպես այդպիսին կարևոր չէ: Նույնը վերաբերում է նաև Սուրբ Խաչի պատկերներին և խաչքարների արվեստին. խոնահվում ենք խաչքարի առաջ՝ երկրպագելով Խաչյալ Աստծուն:
Օրհնությամբ՝ Տ. Շահե քահանա Հայրապետյան
qahana.am