Եվրոպական երկրների տնտեսական պատվիրակություններն այցելել են Իրան
Եվրոպական երկրների տնտեսական պատվիրակությունները տասնամյա դադարից հետո այցելել են Իրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Օրերս Իրան են այցելել Իտալիայի ու Հունգարիայի առևտրային պատվիրակությունները:
Հունգարիայի պատվիրակությունը գլխավորել է երկրի վարչապետը, պատվիրակության կազմում եղել են 5 նախարար, առևտրային ոլորտի ներկայացուցիչներ: Հունգարիայի պատվիրակության հետ Թեհրան այցի շրջանակում կնքվել է համագործակցության հինգ հուշագիր:
Արդյունաբերողներից ու գործարարներից բաղկացած իտալական պատվիրակությունը Իրան է այցելել անցած շաբաթ: Պատվիրակության կազմում եղել են ավտոմոբիլային արդյունաբերության, բժշկական կազմակերպությունների, էներգետիկ ու բանկային ոլորտների ներկայացուցիչներ:
Իտալիան համարվում է Իրանի առևտրային երրորդ գործընկերը Գերմանիայից ու Ֆրանսիայից հետո:



