Մինսկի խումբը հույս ունի ԼՂ-ի հարցով համագործակցել Գերմանիայի հետ՝ որպես 2016 թվականին ԵԱՀԿ-ում համանախագահող երկրի. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ համագործակցել Գերմանիայի հետ՝ որպես 2016 թվականին ԵԱՀԿ-ում համանախագահող երկրի: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Գերմանիան համանախագահներին հավաստիացրել է, որ լիարժեքորեն աջակցում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»,- ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 3-4-ը Բելգրադում անցկացված ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հետ, քննարկել են երկու երկրների հանդիպման վերջնական դետալները:

«Մենք հավատում ենք, որ եկել է ժամանակը, որ ավելի քան մեկամյա դադարից հետո նախագահները հանդիպեն ու կոնստրուկտիվ քննարկեն կարգավորման հետագա քայլերը»,- ասել է Ուորլիքը:

Հարցին ի պատասխան, որը վերաբերել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին Ռուսաստանի նոր առաջարկներին, որոնց մասին հիշատակել է Մամեդյարովը Լավրովի տարածաշրջանային այցից հետո, Ուորլիքը նշել է, որ այսօր կողմերը քննարկում են մի քանի առաջարկություն, որոնք վայելում են համանախագահների լիարժեք աջակցությունը:

Կարդացեք նաև

«ՌԴ ԱԳՆ ղեկավարն ունի աշխատանքի մեծ փորձ՝ որպես հակամարտության միջնորդ, ու մենք ողջունում ենք նրա մասնակցություն ու տրամադրվածությունը համանախագահների հետ աշխատանքին: Մեր ընդհանուր նպատակն այն է, որ ուղիներ գտնենք հակամարտության կարգավորման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինի պես հակված է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս