«Շատ լուրջ անելիքներ կան և՛ օրենսդրական դաշտում, և՛ ժուռնալիստական էթիկայի շրջանակներում»
Այսօր ԵՊԲՀ-ում կազմակերպված «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» թեմայով գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ լրատվամիջոցները պետք է որոշ նյութեր հրապարակելուց առաջ մտածեն՝ այս լուրը կարո՞ղ է ինչ-որ մեկին վնասել, թե ոչ: Ըստ նրա՝ շատ լուրջ անելիքներ կան և՛ օրենսդրական դաշտում, և՛ ժուռնալիստական էթիկայի շրջանակներում.
«Անգամ հեռուստատեսությամբ հիմնական լուրերը սկսելու ընթացքում մի քանի կարևոր լուրեր են ասում, երրորդ լուրն արդեն ինքնասպանության մասին է: Ես չեմ հասկանում այդ լուրի հանրապետական կարևորությունը: Եթե մի հոգի այդ պահին գտնվում է անելանելի վիճակում ու ձեր լուրի պատճառով իրեն թվա, որ դա ևս լուծման ձև է, շատ վտանգավոր է: Նմանատիպ խնդիներ լուսաբանելու համար կան հատուկ սկզբունքներ, օրինակ՝ չի կարելի տրամադրել դետալներ, անել կոնկրետ նկարագրություններ, խորհուրդ չի տրվում կոնկրետ կադրեր ցույց տալ և անպայման այդ լուրը պետք է ամփոփել դրական մի ելքով, օրինակ՝ «կարելի է այսինչ բանը այսպես հաղթահարել»: Ցավոք սրտի, հոգեբանության մեջ մի վտանգավոր երևույթ կա, որը կոչում են՝ պարադոքսալ հաճույք. մարդ արարածը սիրում է ուրիշների տրավմաների վերաբերյալ նոր տեղեկություններ ստանալ և մեծ հետաքրքրությամբ ուրիշի անձնական կյանքի մեջ է խցկվում, և լրատվամիջոցներն էլ օգտվում են դրանից»: Խոսելով զինծառայողների մահվանւ ու նրանց հարազատների մասին տարածվող նյութերի մասին, հոգեբանը նշեց, որ դրանք մատաղ սերնդին հետևյալ մեսիջն են տալիս՝ բանակում ծառայելը վտանգավոր է, դու կարող ես մեռնել. «Այդտեղից առաջանում է բանակ-հասարակություն սարսափելի փոխհարաբերություն, որը խանգարում է, որ մեր ժողովուրդը սիրի բանակը: Ես չեմ ասում որ չպետք է լինի լրատվություն, այլ՝ զուտ էթիկայի սահմաններում պետք է գործի»: