«Կա երկու տարբերակ. կա՛մ աղջիկը վերադառնում է տուն՝ չցանկանալով հարվածի տակ դնել հարազատներին, կա՛մ էլ հակադրվում է նրանց». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ինձ թվում է՝ ցանկացած անաչառ մարդու համար ակնհայտ է, որ հասարակական սեկտորը Հայաստանում վերջին տարիներին ամրապնդել է իր դիրքերը, եւ մասնավորապես դրա շնորհիվ է, որ մի քանի կազմակերպություն կարողացել են իրականացնել բավականին արդյունավետ դիտորդական առաքելություն:

Ավելացել են նաեւ որեւէ վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցները: Իսկ գլոբալ առումով՝ իմ լավատեսության աղբյուրն այն է, որ նոր սերնդի, իմ երեխաների սերնդի մեջ կամաց-կամաց սկսում են գերակշռել տեղեկացված եւ ինքնուրույն մտածող մարդիկ: Պատկերացրեք 20 տարեկան մի աղջնակի, որը գնացել է տեղամաս՝ որպես դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ: Նա տեսնում է, որ կեղծարարները ցանկանում են հանցագործություն կատարել, եւ փորձում է դա արձանագրել: Սկզբում կեղծարարները ձգտում են ահաբեկել այդ աղջկան, բայց վերջինս, ենթադրենք, դիմադրում է: Բայց քանի որ կեղծարարները պետական համակարգի մի մասն են, նրանք շատ արագ շոշափում են աղջկա թույլ տեղերը եւ անմիջապես զանգում են նրա ծնողներին, բարեկամներին, որոնք, հնարավոր է, աշխատում են պետական համակարգում: Ծնողները (իմ տարիքի, հետեւաբար՝ «Սովետ տեսած» մարդիկ) զանգում են աղջկան եւ արտասանում են մոտավորապես հետեւյալ տեքստը՝ «էս ի՞նչ ես դու մեր գլխին բերում, ուզում ես մենք փողոցո՞ւմ հայտնվենք, էս րոպեին ամեն ինչ թող եւ տուն վերադարձիր»: Դրանից հետո կա երկու տարբերակ. կա՛մ աղջիկը վերադառնում է տուն՝ չցանկանալով հարվածի տակ դնել հարազատներին, կա՛մ էլ հակադրվում է նրանց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս