
Պուտինն իր ուղերձն սկսել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Սիրիայում զոհված ռուս օդաչուների հիշատակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձն սկսել է Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ռուս զինվորականներին երախտիքի խոսքեր հայտնելով: Նա իր ելույթն սկսել է 1 րոպե լռությամբ՝ հարգելով թուրքական կործանիչի հետևանքով կործանված «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի ու խոցված ռուսական ուղղաթիռի օդաչու Ալեքսանդր Պոզինչի հիշատակը:
«Խնդրում եմ հարգել մեր զինվորների հիշատակը, ովքեր տվեցին իրենց կյանքը՝ իրենց պարտքը կատարելիս: Հարգենք բոլոր ռուս քաղաքացիների հիշատակը, ովքեր զոհվեցին ահաբեկիչների պատճառով»,- հայտարարել է Պուտինը:
Նա հայտարարել է, որ ահաբեկչությունը մեկ երկրի ուժերով հաղթել հնարավոր չէ, «հարկավոր է մի կողմ դնել վեճերն ու տարաձայնությունները, ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել միասնական հակաահաբեկչական ճակատ, հզոր բռունցք՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար»:
Պուտինը հավելել է, թե Ռուսաստանը վաղուց «ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքում է»:
«Դա պայքար է հանուն ազատության, ճշմարտության, արդարության ու քաղաքակրթության ապագայի: Այդ ողբերգությունները խլել են հազարավոր մարդկանց կյանք»,- ասել է Պուտինը: