«Մենք մեր տունը պետք է կարգի բերենք». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ոչ ոք մեր փոխարեն մեր տունը կարգի չի բերելու»,- քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց ճակատի քաղխորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ 23 տարի առաջ մարտի 2-ն այն օրն էր, երբ ՀՀ պետական դրոշը պարզվեց, բարձրացավ Միավորված ազգերի շենքի առջև և աշխարհով մեկ: Ըստ նրա, ՀՀ-ն իր անկախությունը հռչակել է ոչ նրա համար, որ հայրենիք ազատագրած ազատամարտիկն արմամարհվի և հեգնանքի ենթարկվի, դրոշը նրա համար չէ, որ ՀՀ-ն դարձնեն գուբերնիա, իսկ ազգը` բնակչություն: «Մեր դրոշը բարձրացավ ազգովի ոչ նրա համար, որ հրաշք հայրենիքից հեռանան մեր հայրենակիցները և երիտասարդները և դրոշը բարձրացավ ոչ նրա համար, որ մի խումբ մարդիկ բռնազավթեն իշխանությունը, ինչպես իրենք վախենում են օտարից ծառայում են նրանց փորձեն դարձնել ՀՀ քաղաքացուն ստրուկ և վախկոտ: Մեր դրոշը բարձրացավ աշխարհով մեկ և այսօր դարձյալ մայրաքաղաք Երևանից, ՀՀ քաղաքաներից և գյուղերից մինչև Սփյուռքի ամենահեռավոր գաղթօջախը բարձրացնում ենք մեր դրոշը, որպեսզի հայ մարդը վերադառնա հայրենիք, որպեսզի սահմանը լինի անվտանգ, զինվորը ծառայի արժանապատվությամբ և հպարտությամբ: Վերադարձել է ՀՀ քաղաքացին և մենք մեր տունը կարգի պետք է հրավիրենք:
Մեր փոխարեն ոչ մեկը չի անելու: Մենք մեր տունը պետք է վերադարձնենք իրավունքի, ինքնիշխանության և իրավունքի իշխանության գիրկը, որը պատկանում է ժողովրդին»,- ասաց Հովհաննիսյանը, շարունակելով, որ դա անելու են գործով: Իսկ այդ գործը, Հովհաննիսյանի խոսքով, կատարելու համար քաղաքացիները, կուսակցությունները, երիտասարդական հոսանքները, մտավորականները, գյուղացիները միասին պետք է քայլեն ճանապարհը: «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- այսպես ավարտեց իր խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը: