ԱՄՆ-ն խստացնում է առանց վիզայի մուտքի կանոնները
Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո Միացյալ Նահանգները հայտարարել են ԵՄ երկրների ու մի շարք այլ երկրների քաղաքացիների համար առանց այցագրի (վիզայի) մուտքի կանոնների խստացման մտադրության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամեն տարի ԱՄՆ առանց այցագրի երկիր է մուտք գործում շուրջ 20 մլն մարդ աշխարհի 38 երկրից:
Սակայն առանց այցագրի մուտքը ԱՄՆ-ում մանրամասն կերպով գրաքննության է ենթարկվել փարիզյան ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ ահաբեկիչների թվում եղել են նաև ԵՄ երկրների բնակիչներ:
Ամերիկացի օրենսդիրները մտավախություն ունեն, որ Եվրոպայում բնակվող ծայրահեղականները կարող են առանց խոչընդոտի հայտնվել ԱՄՆ-ում:
Համաձայն նոր փոփոխությունների, որոնք ներկայացվել են Կոնգրեսին, բոլոր երկրները, որոնք մասնակցում են այդ սխեմային, պարտավորվում են թողարկել «էլեկտրոնային անձնագրեր» (e-passports) ԱՄՆ-ում ճանապարհորդել ցանկացողների համար: Նրանց գրանցմանը ուշադիր հսկելու են ամերիկյան համապատասխան գերատեսչությունները:
ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը նույնպես մտադիր է խնդրել Կոնգրեսին հավելյալ լիազորությունների մասին, ներառյալ տուգանել այն ավիաընկերություններին, որոնք չեն ստուգի ուղևորների անձնագրային տվյալները:
Ինչպես Փարիզում լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, այդ քայլերը կարող են կանխել սահմանն այլ մարդկանց անձնագրերով հատելու փորձերը: