Ինչո՞ւ 6-ը… Թող 3-ին, 4-ին հեռացնեն իշխանություններին. Վահրամ Բաղդասարյանը՝ «Նոր Հայաստանին» «Հայկական Ժամանակ»

Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատին» չի հաջողվելու երկրում անկայունության մտցնել։ «Բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը»,- ասաց Բաղդասարյանը։

– Պարոն Բաղդասարյան, ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ին հանրահավաքհց հետո չեն վերադառնալու տուն՝ մինչեւ թալանչի ռեժիմին չհեռացնեն, դուք ի՞նչ եք անելու

– Դատարկություն, իրենք եթե ուզում են, կարող են իրենց ուժերը փորձել խորհրդարանական ընտրություններում, իրենց «ոչ»-ի ճակատ հզորացնել, հանրությանը ինչ-որ ձեւով ապացուցել, որ իրենց հետ կան կանգնած մարդիկ, իրենց ուժերը համալրել եւ գնալ ընտրությունների։ Գործող իշխանություններին հեռացնելու ամենալավ տարբերակը 2017-ի Աժ ընտրությունները կլինեն։ Իսկ այն, ինչ անում են նրանք հիմա, դա պարզապես անճարության ցուցանիշ է, նրանց արածը խոսում է այն մասին, որ մարդիկ անճար են եւ ի վիճակի չեն սահմանադրական ճանապարհով գնալ, ցանկանում են անկարգություններ, այսինքն, երկրին անկայունություն են ցանկանում, որը իրենց չի հաջողվի, բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը, մեր երկրի ապագա զարգացումը։ Նրանք պարզապես վրեժխնդիր մարդիկ են եւ չգիտես ինչ անձնական վիրավորվածություն ունեն, վրեժ են ցանկանում լուծել սեփական ժողովրդից։

– Իսկ ինչպե՞ս թույլ չեք տալու, եթե հանրահավաքին մեծ թվով մարդիկ հավաքվեն։

–   Թող իրենք իրենց հանրահավաքներն անեն, թույլ չտալն այն է, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա, և ժողովրդի մտածելակերպի վրա, մեր ժողովուրդը իմաստուն է եւ չի գնա նման տիպի մարդկանց հետեւից, որոնք պարզապես դատարկություն են քարոզում։

– Իրենք ասամ են, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը պետք է ռեժիմին հնացնեն։

–   Ինչի՞ 6-ը, թող կարողանան ավելի շուտ՝ 3-ին, 4-ին, ինչո՞ւ են 6 ասում, եւ սա առաջին անգա՞մ ենք լսում։ Դա իրենց մոտ մանկական հիվանդաթյուն է, խրոնիկական հիվանդություն է դարձել, որի բուժումը եւ դեղատոմսը մենք արդեն դժվարանում ենք առաջարկել։

– Եթե իրենք նստեն Ազատոթյան հրապարակում ու օրերով..

– Թող նստեն, ինչքան ուզում են, թող նստեն։

– Թողնելու եք, որ օրերով նստե՞ն։

– Թող նստեն, բա իհարկե, ի՞նչ է պատահել։ Մի տասը հոգի կնստեն, ամեն 10 հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞, չեմ հասկանում, կամ 100 հոգու նստելով իշխանություն պետք է փոխվի՞։ Դա ի՞նչ մոտեցում է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս