Նորք-Մարաշից վնասազերծված խմբի անդամ Վաղինակը տանն ասել է՝ գնում է Ղարաբաղ՝ կռվելու. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից երեքը՝ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Մեր զրույցում Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ երեքն էլ խելոք տղաներ են: Նա անձամբ ճանաչել է երեք ձերբակալվածներին, որոնք մշտապես աչքի են ընկել նորմալ պահվածքով։  «Երեքի ընտանիքն էլ սոցիալապես վատ պայմաններում է ապրում: Իրենք ընկերներ են, ազատամարտի մասնակից: Արթուրը, Վաղինակը եւ Ավետիսը գյուղում հողագործությամբ էին զբաղվում: Մեզ համար երեկվանից անհասկանալի է, անակնկալի ենք եկել ամբողջ գյուղով, նույնիսկ վարձով տան մասին չենք իմացել: Արթուրը տան անդամներին ասել է, որ Երեւանում ինչ-որ օֆիս են բացել եւ պետք է բանջարեղեն արտահանեին Ռուսաստան, Վաղինակն էլ ասել է, որ գնում է Ղարաբաղ՝ կռվելու: Ես իրենց շաբաթ օրն եմ տեսել, սովորականի նման էին, ոնց որ միշտ: Հիմա նրանց տան անդամները շատ ծանր վիճակում են, ոչինչ չեն հասկանում»,- մանրամասնեց գյուղապետը: Երեք տղամարդիկ էլ ամուսնացած են, անչափահաս երեխաներ ունեն։

Զրուցեցինք նաեւ Ավետիս Բարեյանի եղբոր՝ Անդրանիկի հետ: Նա մեր զրույցում ասաց, որ որեւէ բանից տեղյակ չեն, սպասում են քննության ընթացքին. «Քննություն է գնում, քննությունը ամեն ինչ կպարզի: Հիմա ես ոչ մի բան ոչ գիտեմ, ոչ տեսել եմ: Իրեն վերջին օրերին չեմ տեսել: Ես չեմ կարող ասել այդ խմբի մեջ եղել է, թե՝ ոչ: Ինքը Հայրենիքի, պետության համար մարտնչած ազատամարտիկ է, չեմ կարծում, թե…: Մնացածը քննությունը կվերջանա, կիմանաք, մի շտապեք»,- եզրափակեց եղբայրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս