«Դեկտեմբերի 1-ին դուրս ենք գալիս փողոց և չենք վերադառնում՝ մինչև չձերբազատվենք ռեժիմից». Ժիրայր Սէֆիլյան

«Երկրում վախի մթնոլորտ չկա»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված ճակատի հետագա պայքարին ու երեկ տեղի ունեցած դեպքի շուրջ իր և շարժման անվան շրջանառությանը: Նա նշեց, որ այդ կապակցությամբ իրենք հայտարարությամբ են հանդես եկել:

«Ես այս պահին ավելորդ այլ բառեր չունեմ ասելու, բացի այն մտքերից, որոնք հայտնել ենք հայտարարության մեջ: Առիթից օգտվելով՝ ժողովրդին կոչ եմ անում դեկտեմբերի մեկին, ժամը 6-ին հավաքվելու Ազատության հրապարակում»,- ասաց Սէֆիլյանը:

Հարցին, թե արդյոք ձերբակալվածները և՞ս պետք է հավաքվեին հրապարակում դեկտեմբերի 1-ին, նա արձագանքեց՝ ասելով, որ այդ հարցով ոչինչ չի ասելու, դրան կանդրադառնա մի քանի օր անց:

Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեի «Ոչ»-ի պայքարին՝ ասաց, որ շատ է կարևորում այս գործընթացին միջազգային կառույցների աչալուրջ հետևելը: Ըստ նրա՝ մնացածն իրենց ուսերին է, մնացած խնդիրը ժողովուրդն է լուծելու:

Կարդացեք նաև

«Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ այս կեղեքող համակարգը պատրաստվում է հերթական կեղծիքներին, ուստի մենք այս անգամ պետք է գտնենք բանալին` ինչպես կանխել հերթական կեղծիքը, և այդ բանալու մասին կխոսենք դեկտեմբերի 1-ին: Բնականաբար, ունենք առաջարկություններ, և հուսով եմ, որ ժողովուրդն ընդունելու է մեր առաջարկներից որևիցե մեկը, և մենք այդ նոր գտնված բանալիով հաջողելու ենք ձերբազատվել կեղեքող համակարգից»,- ասաց նա` շարունակելով, որ դեկտեմբերի 1-ից դուրս են գալիս փողոց, չեն վերադառնալու այնքան ժամանակ՝ մինչև չձերբազատվեն քաղաքական ռեժիմից: Նա նաև ավելացրեց. «Թե դա քանի օր է տևելու՝ ընթացքը ցույց կտա»:

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր են ձերբակալություններ և խոչընդոտներ, բանախոսը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում, սակայն համոզված է, որ իրենց նպատակին հասնելու են` դա լինի ձերբակալություններով, թե առանց ձերբակալությունների:

Անդրադառնալով երիտասարդության հնարավոր ներկայությանը դեկտեմբերի 1-ի հանրահավաքին և վախի մթնոլորտին` ասաց, որ նոր սերունդ գոյություն ունի, և «ԿԳԲ-ական ոճով երկիր կառավարելու մոդան անցել է»:

«Համոզված եմ, որ առաջիկա ժամանակահատվածում երիտասարդությունն ապացուցելու է, որ ոչ միայն չի վախենում, այլև իր վճռականությամբ զարմացնելու է աշխարհին»,- նկատեց Սէֆիլյանը: Վերջինս նշեց, որ կա հստակ մշակված ծրագիր, և այդ մասին կխոսվի հանրահավաքի օրը:

«Մենք արկածախնդիրներ չենք, եթե մենք ժողովրդին հրավիրում ենք մոբիլիզացիայի, բնականաբար, ունենք ծրագիր, տարբերակներ, և այդ տարբերակների ընտրությունը պետք է կատարվի դեկտեմբերի 1-ին: Վախի մթնոլորտ չկա, կա զգուշության մթնոլորտ: Մեր ժողովուրդը զգույշ է: Մենք անկախություն ենք կերտելու, ուստի պայքարը շարունակվելու է»,- ասաց շտաբի պետը:

Հարցին, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նման չի՞ ցանկանում դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պատասխանեց՝ ոչ. «Ոչինչ չունեմ ասելու, դեկտեմբերի մեկից հետո հավանաբար կունենամ ասելիք»:

Տեսանյութեր

Լրահոս