Ալիև-Սարգսյան հանդիպումից ոչինչ չպետք է սպասել. Ռիչարդ Կիրակոսյան

«Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ի տարբերություն Ադրբեջանի, ավելի ամուր դիրքերում է»,- այս մասին այսօր «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Ալիև-Սարգսյան դեկտեմբերմեկյան հանդիպմանը:

Նա հիշեցրեց, որ նախագահ Սարգսյանն ու Ալիևը արդեն հաստատել են, որ իրենց հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 1-ին: Բայց, Ռ. Կիրակոսյանի համոզմամբ, հստակ է, որ չենք կարող ոչինչ ակնկալել այդ հանդիպումից, քանի որ խաղաղության գործընթացում Հայաստանը խաղաղության գործընկեր չունի:

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ քաղաքացիական հասարակությանը հարված հասցրեցին, ներկայումս թիրախավորում են ուժային կառույցներին: Միևնույն ժամանակ հակահայկական ագրեսիվ հռետորաբանությունը միայն շատանում է , որը զուգակցվում է ռազմական գործողություններով ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի դեմ: Մենք միամիտ չպետք է լինենք` չհայտարարված պատերազմի մեջ ենք: Այս քննադատությունը ընդհանուր ՄԽ քննադատություն չէ, ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանը ամբողջովին աջակցում է խաղաղության գործընթացին: Միջնորդները չեն կարող ավելին անել քաղաքական կամքի բացակայության դեպքում: Միևնույն ժամանակ պարզ է, որ Ադրբեջանը տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիք է:

Մյուս կողմից՝ Ադրբեջանի այս գործողությունները կարող են արդարացված համարվել, որովհետև Ադրբեջանը շատ հիասթափված է խաղաղության գործընթացից: Դրա պատճառը իրենց իսկ մաքսիմալիստական քաղաքականությունն է»,- նման տեսակետ հայտնեց բանախոսը` շարունակելով, որ վերջնարդյունքում տեսնում ենք այլ տեսակի հակառակորդ:

Կարդացեք նաև

Սակայն, նրա գնահատմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն առավել ամուր դիրքերում է, վտանգն այն է, որ ՀՀ արտաքին քաղաքական հաջողությունները հիմնված են Ադրբեջանի անհաջողությունների և սխալների վրա: «Ամենակարևորը եզրակացությունն է: Ամենակարևոր եզրակացությունն այն է, որ չկա եզրակացություն, սա դինամիկ գործընթաց է և ավելի վատթարացման միտումներ ունի»,- նկատեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս