«Մենք վատ չենք ապրելու». Գագիկ Մինասյանը՝ 2016 թվականի բյուջեի մասին
«Մեր եկող տարվա բյուջեն նախատեսել է 2.2 տոկոսի համախառն ներքին արդյունքի աճ, մենք ունենք ՀՆԱ-ի 3.5 տոկոս մակարդակով դեֆիցիտ, ունենք գնաճ, որը նախատեսում է 4 +-1.5 տոկոս, մեր պետական բյուջեի եկամուտները 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ է, ծախսերը՝ 1 տրիլիոն 373 միլիարդ դրամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով 2016 թվականի բյուջեի նախագծի մասին՝ այս մասին ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականի բյուջեն նախատեսված է այն իրողությունների հաշվառմամբ, որ տարածաշրջանում զգացվում են ոչ դրական զարգացումներին նպաստող ազդակներ, և, ըստ նրա՝ ամենապրոբլեմայինն այն է, որ այդ ազդակների հիմքում ոչ թե տնտեսական կամ ֆինանսական գործոններ են, որոնք այս կամ այն կերպ կարելի է կանխատեսել, այլ՝ քաղաքական, որոնք շատ դժվար է կանխատեսել:
Հարցին՝ կիսո՞ւմ եք ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի այն տեսակետները, թե 2016 թվականին շատ ավելի վատ ենք ապրելու, Գ. Մինասյանը պատասխանեց, որ ինքը նման տեսակետ չի լսել ու չի կարծում, որ վատ ենք ապրելու. «Մենք վատ չենք ապրելու»: Հարցին էլ, թե՝ եթե եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել, ինչպե՞ս վատ չենք ապրելու, Գ. Մինասյանն այսպես պատասխանեց. «Մեր եկամուտները նախորդ տարվա համեմատ մոտ 8 միլիարդով ավելի փոքր են կանխատեսված, մեր ծախսերն ավելի մեծ են, սակայն այս տարբերությունը լրացնում է դիֆիցիտը, որն էլ փակվում է արտաքին և ներքին պարտքով»: