Ինչի՞ համար են դեսպանատները, եթե չեն օգնում հայերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եգիպտոսում ստեղծված իրավիճակի պատճառով, գրեթե բոլոր երկրները կազմակերպում են սեփական քաղաքացիների տարհանումը Եգիպտոսից: Ինքս ինձ համոզեցի, որ մենք էլ պետություն ունենք ու զանգահարեցի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն, որպեսզի ճշտեմ՝ ինչ ճանապարհով է հնարավոր ընտանիքս ուղարկել Հայաստան»,- պատմում է Էդգար Հելհելյանը, ով «ցնցող» բառով է բնորոշում Հայաստանի դեսպանատան աշխատակցի պատասխանը.

«Սկզբից խնդրեցին սպասել, որպեսզի միացնեն հյուպատոսի հետ, հետո ուղղակի հայտարարեցին, որ ոչ մի բանով չեն կարող օգնել. «Կներեք մենք ոչ մի բանով չենք կարող օգնել, դուք ձեր կամքով եկած եք»… Հիմա երկու հարց. Ո՞ւմ, ինչի՞ և ո՞ր դեպքերի համար ենք մենք պահում դեսպանատներ, եթե նույնիսկ նման դեպքերում սեփական քաղաքացիներին «օգնել չեն կրնար»: Ու ի՞նչ է նշանակում «Ձեր կամքով եկած եք», բա ո՞ւմ եք օգնում, ում որ ծեծելո՞վ են բերել»:

Փորձեցինք արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից պարզել՝ արդյոք նման դեպքերում դեսպանատները պարտավոր չե՞ն օգնություն տրամադրել հայերին, զբաղվել նրանց տեղափոխման հարցերով:

«Հյուպատոսական բյուջե հատուկ այդ նպատակով մենք չունենք: Մի քանի դեպք եղել է, երբ ասենք Լիբանանից տարհանել ենք քաղաքացիներին ռուսների օգնությամբ, Ռուսաստանի հատուկ չվերթներով դեպի Մոսկվա, Մոսկվայից Երևան, բայց մասսայաբար այդպիսի բան չի եղել: Նման օրենք, կամ կարգ չկա, եղել են դեպքեր, երբ մենք կազմակերպել ենք քաղաքացիների տարհանում, որոնք հայտնվել են արտակարգ իրավիճակում: Օրինակ՝ այդ Տուլայի վթարը, նույն ձևով մենք բերել ենք, Լիբանանից ենք տարհանել, երբ Եգիպտոսում հեղաշրջում էր լինում այնտեղի ուսանողներին հանրակացարանից բերել, դեսպանատանը պահել ենք, այնուհետև տարհանել ենք Երևան, այդպիսի փորձ ունենք, բայց մասսայականի մասին խոսք չի գնացել».- նշում է Տիգրան Բալայանը, ապա հավելում, որ դեպքեր են եղել, երբ մարդը գնացել է մի տեղ, հետադարձ տոմս չի ունեցել, փորձել է օգտվել առիթից՝ ոչ իր հաշվին վերադառնալ Հայաստան. «Եվրոպայում էլ է պատահում: Իսկ եթե մարդը զբոսաշրջիկ է, գնացել է այնտեղ, ուրեմն՝ նույն ճանապարհով էլ պետք է վերադառնա, ինքնաթիռ չենք ուղարկել, որ մի մասին բերել են, մի մասին չեն բերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս