«ԱՄՆ աջակցության շրջանակում են ոլորտները, որոնք կօգնեն Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը». Բրիջիթ Բրինք
«Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը, ով պատասխանատու է Հայաստանի հարցերով: Նա նշեց, որ իր հայաստանյան այցի ընթացքում բովանդակային քննարկումներ է ունեցել ԱԳ նախարարի, ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: « Ավելի ուշ կհանդիպենք նաև նախագահի հետ, շատ զգացված ենք այստեղ մեզ ցուցաբերված ջերմ ընդունելությունից»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ կառավարությունն աջակցելու է Հայաստանին մի քանի ոլորտներում: Ըստ նրա` իրենց բոլոր դիվանագիտական ջանքերն ու աջակցությունն ուղղված են մի քանի հարցերի վրա: «Առաջինը՝ մեր նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սա մի ոլորտ է, որին ուղղված կլինի մեր աջակցությունը, սա խնդիր է ամբողջ աշխարհի երկրներում և Հայաստանը արտաքին ազդեցությունից պաշտպանելուն աջակցում է, սա օգնում է Հայաստանին զարգացնել իր ժողովրդավարությունը: Մեր աջակցության ոլորտների շրջանակում են քաղաքացիական հասարակություն, ազատ մամուլը և նման այլ հարցեր, որոնք կօգնեն ՀՀ ժողովրդավարական զարգացմանը»,- ասաց նա:
Հարցին, թե համընկնո՞ւմ են արդյոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի տեսակետներն «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում, նա պատասխանեց. «Մեր ղեկավարները Վաշինգտոնում, պետքարտուղար Քերին, նախագահ Օբաման, փոխնախագահն ակտիվ են եղել այս հարցի շուրջ: Վերջերս պետքարտուղար Քերին Վիեննայում էր և հանդիպեց տարբեր երկրների ներկայացուցիչների, այդ թվում ՌԴ-ի հետ, փորձելով միասնաբար նախանշել մի ուղի: Կարծում եմ դրական տեղաշարժեր կան և նաև որոշ համաձայնություններ, որ կլինի անցում Սիրիայում, կլինեն ժամկետներ, թե ինչպես դա պետք է իրականացվի: ՌԴ շահերի մասին չեմ կարող խոսել, բայց ԱՄՆ շահերի մասին կարող եմ խոսել: Ահաբեկչության դեմ պայքարը ԻՊ-ի դեմ պայքարն համընդհանուր պայքար է և դրա շուրջ պետք է աշխատենք բոլոր երկրների հետ»: