Ավանում ջերմամատակարարումը կթանկանա
«Հայռուսկոգեներացիա» ՓԲ ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջերմային էներգիայի սակագների վերանայման հայտով: Այս ընկերությունը 2010 թ. հունվարից ջեռուցմամբ և տաք ջրով ապահովում է Երևանի Ավան համայնքի Իսահակյան, Հովհաննիսյան և Վարուժան միկրոշրջանները:
Կենտրոնացված ջեռուցման համակարգի գործունեությունն ապահովում է կաթսայատունը: Ընկերության մատուցած ծառայությունները շատ ավելի մատչելի և անվտանգ են, քան այլ ջեռուցման համակարգեր: Օրինակ՝ 3 սենյականոց բնակարանի նորմալ ջեռուցման վարձը ամսական 23-25 հազար դրամ է, մինչդեռ այլ ջեռուցման համակարգերի դեպքում նույն ջերմությունը ստանալու համար պետք է վճարել 40-45 հազար դրամ:
Փաստորեն համատարած թանկացումները չեն շրջանցել նաև «Հայռուսկոգեներացիային»: Ընկերությունը ցանկանում է կտրուկ ավելացնել իր ծառայությունների արժեքը, մասնավորապես՝ ջեռուցման սակագինը ամսական 1 քմ համար 38.43 դրամից դարձնել 52.59 դրամ, իսկ տաք ջրի սակագինը 20.49 դրամից դարձնել 28.04 դրամ/քմ:
Նկատենք, որ այս ընկերությունը էլեկտրաէներգիա է վաճառում նաև ՀԷՑ-ին, ընդ որում՝ բոլոր արտադրող կայանների մեջ այն ամենաթանկն է՝ 59.03 դրամ: