
«Եթե չանենք, կզանգես՝ կասես վարչապետը ստախոս է, չարեց». Հովիկ Աբրահամյան

Ուժգին քամու հասցրած վնասներին ծանոթանալու նպատակով այսօր Ապարան այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բնակիչները հեղեղեցին իրենց բողոքներով՝ պոկված ու քշված բազմաթիվ տանիքներ, հիվանդանոցային պայմաններ, ճանապարհների անմխիթար վիճակ և այլն:
«4-րդ կարգի վթարային շենքում ենք: Մի քանի անգամ փորձել ենք մայրուղի փակել, բայց քաղաքապետը չի թողել: Տանիքը հիմա խայտառակ վիճակում է»,- դժգոհեց Ապարանի բնակիչներից Գայանե Ստեփանյանը:
«Պիտի փողը դնեք, սարքեք, ուրիշ միջոց կա՞»,- պատասխանեց Հ.Աբրահամյանը:
Բնակիչները խնդրում են հենց այսօրվանից սկսել շինարարական աշխատանքները, քանի որ ցուրտ է, ձյունն էլ շուտով վրա կհասնի:
«Ամեն ինչ լավ ա լինելու, կամաց-կամաց ամեն ինչն էլ կկարգավորվի»,- խոստացավ վարչապետը՝ նշելով, որ հանձնարարություն է տվել, պատասխանատու գերատեսչությունները կներկայացնեն, թե որտեղ ինչ խնդիր կա, մասնավորապես՝ 5-6 մարզերում քամին վնասներ է պատճառել, և արագ լուծում կտան, գոնե հաջորդ հինգշաբթի որոշում կընդունեն:
«Եթե չանենք, կզանգես՝ կասես վարչապետը ստախոս է, չարեց»,- քաղաքացիներից մեկին խորհուրդ տվեց վարչապետը: