«Բռնել են Հայկազ Բարսեղյանի ոտքերը, ձեռքերը, փակել բերանը, կտրել աջ ձեռքի արյունատար անոթը, կոտրել ենթալեզվային ոսկորը». առաջին նիստի օրը հայտնի է

Հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Քրեական գործը կքննի Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի չորս կուրսանտներ՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին: Բացի դրանից՝ նրանց մեղադրանք է առաջադրվել նաև այլ հոդվածներով:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի ևս՝ Վարազդատ Սաֆարյանին: Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն N զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ՝ 2014թ. նոյեմբերի 16-ին, ժամը 21:00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Քրեական գործով որպես տուժող է ներգրավվել ևս 5 կուրսանտ:

Կարդացեք նաև

Ըստ նախաքննական մարմնի՝ ռազմական ինստիտուտի 408 ննջարանում իր անկողնու վրա պառկած վիճակում բռնել են Հայկազ Բարսեղյանի ոտքերը, ձեռքերը, փակել բերանը,   սուր կտրող գործիքով կտրել աջ ձեռքի արյունատար անոթը, արյունահոսություն առաջացրել, կոտրել նրա ենթալեզվային ոսկորը: Դիակի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Հայկազ Բարսեղյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից` պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմման հետևանքով: Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Հայկազ Բարսեղյանը նախքան պտտաձողից կախվելը մահացած է եղել: Ըստ նախաքննական մարմնի՝ կուրսանտն ապա տեղափոխվել է և կախվել պտտաձողի վրա:

Հ. Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է պարանոցի աջ կեսի մաշկի և փափուկ հյուսվածքների արնազեղում, ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածք` շրջակա փափուկ հյուսվածքների արնազեղմամբ, թոքերի էմֆիզեմա, կետավոր արնազեղումներ էպիկարդի և ընդերային թոքամզի տակ, արյան հեղուկ վիճակով, սրտի աջ կեսի գերարյունություն և տվյալ մահվանը բնորոշ կազմաբանական և ձևաբանական փոփոխություններ:

Բացի այդ, փորձագետներն արձանագրել են նաև պարանոցի 1/3-ի եզակի, ոչ փակ, մագաղաթյա պնդության, վարդադարչնագույն, ներքևից վերև, առջևից հետ ուղղությամբ, տիպիկ, հետմահու ճմլման ակոս, որն առաջացել է կոշտ մակերես ունեցող բութ առարկայի հետմահու ներգործությամբ, կախելու ընթացքում, որպիսին կարող է հանդիսանալ Հ.Բարսեղյանի պարանոցին գցված օղը, և ելնելով դիակային բծերի տեղակայումից` վերջինս կարող էր կախված մնալ մոտ 8-10 ժամ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս