Վրացիները չափազանց հետաքրրքված են Հյուսիս-հարավ էլեկտրամիջանցքի ստեղծմամբ
«Հյուսիս-հարավ էլեկտրամիջանցքի ստեղծումը հնարավորություն կտա զուգահեռ աշխատել Իրանի և Վրաստանի հետ, և Վրաստանի միջոցով հնարավորություն կունենանք աշխատելու ԱՊՀ երկրների և, ինչու չէ, արդեն Թուրքիայի միջոցով՝ Եվրամիության հետ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Ըստ նրա, 3 տարի առաջ Իրանը, Վրաստանը և Հայաստանը ստորագրել են հուշագիր՝ միջանցքի ստեղծման վերաբերյալ, որպեսզի իրականացվեն սեզոնային փոխհոսքեր, որոնք շատ շահավետ են. «Վրացիները չափազանց հետաքրրքված են այդ միջանցքի ստեղծմամբ, որովհետև ունեն խնդիր՝ գարնան ու ամռան մի մասն ունեն էլեկտրաէներգիայի մեծ ավելացուկ, որի արտահանման խնդիր ունեն: Մեզ համար էլ շահավետ է, որովհետև այն համեմատաբար էժան և մրցակցային է տարածաշրջանում»:
Ա.Գալստյանը հայտնեց, որ ՌԴ-ի հետ նոր սկսել են բանակցել, որպեսզի նրանց էլ բերեն այդ դաշտ և 500 կվ հզորությամբ ևս մեկ գիծ կառուցեն: Փոխնախարարի կարծիքով՝ ռուսական ընկերությունները նույնպես պետք է շահագրգռված լինեն:
«Վրաստանն ու Ռուսաստանը հիմա էլ զուգահեռ աշխատում են. էլեկտրաէներգիայի փոխանակում կատարվում էր անգամ քաղաքական լարված շրջանում: Այժմ ԵՏՄ տարածքը, որ ստեղծվում է, կարգավորման դաշտը հիմնականում ձևավորված է: Այդ դաշտն ուսումնասիրել ենք ու, ինչպես ԽՍՀՄ ժամանակ, նման մեծ համակարգ ստեղծվելու և աշխատելու է: Վրաստանն այդ առավելությունները տեսնում է և մեզ դիմել են, որ միջնորդենք ու կապերը հզորացնենք, այդ թվում՝ նաև տրանզիտի արդյունքում հավելյալ վճարներ կունենան»,- ասաց Ա.Գալստյանը: