Բաժիններ՝

Մեղադրողը միջնորդեց տատին սպանելու մեջ մեղադրվող թոռանը դատապարտել 23 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով մեղադրողն այսօր միջնորդեց սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանին դատապարտել 23 տարվա ազատազրկման:

Մեղադրողը նշել է, որ մեղադրանքը հիմնավորված է և ճիշտ է որակված: Գործարարի թոռանը՝ Ալբերտ Մոմջյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով գողությունը, և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ այլ հանցանքը թաքցնելու համար սպանություն:

Ըստ մեղադրանքի, Ալբերտ Մոմջյանը՝ ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:

Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատին ու նրան դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով կնոջ դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:

Մեղադրողն ընդգծել է, որ ամբաստանյալը տվել է խեղաթյուրող ցուցմունքներ՝ հայտարարելով, որ տատի գիտությամբ է վերջինիս ոսկեղենը գրավադրել և որ տատին սպանելու դիտավորություն չի ունեցել, քաշքշուկի ընթացքում հրել է տատին, նա էլ ընկնելիս ծոծրակին հարված է ստացել ու մահացել, այսինքն՝ փորձ է արվում արարքը համապատասխանեցնել մեկ այլ՝ 109-րդ հոդվածի հատկանիշներին՝ անզգուշությամբ մահ պատճառելը:

Մեղադրողը նշել է, որ գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ տատը չէր վստահում թոռանը, նրան չէր տրամադրում իր մեքենան՝ վախենալով, որ թոռն այն տանուլ կտա, ուստի անհիմն է ամբաստանյալի պնդումն առ այն, թե տատն է իր ոսկեղենը իրեն տվել՝ գրավադրման համար:

Ապացույցներով չի հաստատվում նաև սպանության՝ ամբաստանյալի ներկայացրած վարկածը՝ դիակի դատաբժշկական փորձաքննության համաձայն, մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանները սեղմելու հետևանքով, այսինքն՝ հերքվում է վայր ընկնելու հետևանքով ստացած վնասվածքից մահանալու մասին ամբաստանյալի պնդումը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս