Առեղծվածային Գալան. Սալվադոր Դալիի ռուս սերը
Ելենա Դյակոնովան, ով պատմությանն առավել հայտնի է Գալա անունով, իսկական femme fatale էր, գրում է kulturologia.ru-ն: Նրա գրավչության գաղտնիքը շատերի համար մինչ օրս հասկանալի չէ: Գալան գեղեցիկ չէր, սակայն կարողանում էր ներքին զգացողությամբ տղամարդու մեջ զգալ աստվածային տաղանդի կայծը: Նա պատմության մեջ մտավ տաղանդավոր Սալվադոր Դալիի կինն ու մուսան լինելու հանգամանքով:
Դալին Գալային նկարում էր ողջ կյանքում՝ չդադարելով նրանով հիանալ:
Գալայի ռուսական կյանքի մասին քիչ բան է հայտնի, քանի որ, գուցե նա նախընտրում էր որոշ բաներ թաքցնել:
Ծնվել է Կազանում, ստացել է լավ կրթություն՝ սովորել Մոսկվայի լավագույն գիմնազիաներից մեկում: Նա հասկանում էր արվեստը, սահուն խոսում էր գերմաներեն ու ֆրանսերեն: 1912թ. նրան ուղարկեցին Շվեյցարիա՝ բուժվելու տուբերկուլյոզից, որտեղ էլ նա ծանոթացավ ֆրանսիացի պոետ Պոլ Էլյուարի հետ, սիրահարվեց ու 4 տարի անց փախավ նրա մոտ Փարիզ:
Սկանդալներն ու միֆերը Գալայի կյանքի անբաժան մասն էին: Շատ հետազոտողներ անգամ կասկածի տակ են դնում նրա՝ Կազանում ծնվելու հանգամանքը: Դալին նրան Գալա էր ասում, հայրը՝ Լենա, եղբայրներն ու մայրը՝ Գալյա:
Երբ Դալին հանդիպեց Գալային, նա ամուսին ուներ ու բազում սիրեկաններ, բացի այդ՝ Դալիից մեծ էր 10 տարով: Նա Դալիի համար մայր էր, կին, սիրուհի, մուսա ու PR-մենեջեր: Գալան ասում էր, որ իր ամուսինը՝ Էլյուարը, տաղանդ է, Դալին՝ հանճար, ու գնաց Դալիի մոտ:
«Գալան ինձ խոցեց՝ ինչպես սուրը: Աշխարհում ամենակարևորը Դալին ու Գալան են: Հետո՝ Դալին, Երրորդ տեղում՝ մնացածը: Ես սիրում եմ Գալային մորիցս ու հորիցս ավելի, ավելի շատ, քան Պիկասոյին, ավելի շատ, քան փողը»,- խոստովանում էր Դալին:
Նրանց հարաբերություններն ազատ էին՝ չնայած ամուսնացել էին: Դալին ասում էր, թե ինքը թույլ է տալիս Գալային ունենալ այնքան սիրեկաններ, որքան ցանկանում է: «Ես անգամ նրան խրախուսում եմ, քանի որ դա ինձ գրգռում է»,- ասում էր Դալին: