
Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի վթարված ավտոբուսի դեպքի վայր

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ
նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի
առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ
ձևավորվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային
կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության
նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պաշտոնյաներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի
ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան իր գլխավորած
պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր՝ ռուս գործընկերների հետ տեղում
համակարգելու աշխատանքները:
Մինչ այդ, պատասխանատու բոլոր գերատեսչությունների ղեկավարներն անմիջական
կապի մեջ են ՌԴ համապատասխան գերատեսչությունների պաշտոնակիցների հետ՝
նրանցից ստանալով տեղեկատվություն։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն