Նիկոլ Փաշինյանը՝ Սուրիկ Խաչատրյանին. «Պատրաստվո՞ւմ եք պայքարել ԳԱԱ ակադեմիկոսի կոչումի համար»
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումներին վերջին տարիներին առաջին անգամ մասնակցում էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներով է կարգավորում հացի գները, երբ անցած տարի հոկտեմբերին Խաչատրյանը խորհրդակցություններ է անցկացրել և հացի գինը տարբեր ժամանակներում 2 անգամ նվազել է, բայց ԱՎԾ տվյալներով 2015թ. սեպտեմբերին հացը կրկին թանկացել է և գների աճի տեմպը Սյունիքում 17.5 %-ով գերազանցում է հանրապետական միջինից:
Ն.Փաշինյանը նաև հետաքրքրվեց Ս.Խաչատրյանի ատենախոսությամբ. «2014թ. մենք բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ դուք գիտական բուռն գործունեություն եք ծավալում և գրել եք «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր ժամանակները» թեմայով դոկտորական ատենախոսություն և ստացել պատմափիլիսոփայության դոկտորի կոչում: Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության, այլ պետական կառավարման դոկտորի կոչում եք ստացել: Պատրաստվո՞ւմ եք արդյոք շարունակել ձեր գիտական գործունեությունը և հնարավո՞ր է առաջիկայում տեսնենք «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից մինչև մեր օրերը» թեմայով ատենախոսություն ու դրա շրջանակներում պատրաստվո՞ւմ եք արդյոք պայքարել ԳԱԱ ակադեմիկոսի կոչումի համար»:
«Պարոն Փաշինյան, քանի որ ձեր ուղղած հարցերը վարման կարգից դուրս էր, չեմ պատասխանում»,- կարճ պատասխանեց Ս.Խաչատրյանը:
Փաշինյանը արձագանքի իրավունք խնդրեց և, լսելով նիստը վարող Ստեփան Մարգարյանի դիտարկումը, թե չի պատասխանել, ինչի՞ն արձագանքեք, հարցրեց. «Առաջարկում եք` կտտանքների ենթարկե՞նք»:
Ս.Մարգարյանը նշեց, որ Փաշինյանի հարցերը 2016 թ. բյուջեի հետ այդքան էլ կապված չէին:
«Բա չիմանա՞նք, հացի գները ո՞նց է իջեցնում, պետական բյուջեից սուբսիդավորում է, չի սուբսիդավորում, ո՞նց է ստացվում, որ հացի գները իջեցնում են, բայց դրանք բարձր են»,- զարմացավ Փաշինյանը:
Պատգամավորն է՛լ ավելի զարմացավ, երբ Ս.Մագարյանը հայտարարեց, թե իրավունք ունեն հարցերին պատախանել կամ չպատասխանել: Ն.Փաշինյանն առաջարկեց քննարկումներից առաջ մարզպետներին, հատկապես Սուրիկ Խաչատրյանին, տեղեկացնել, որ իրավունք ունեն հարցերին չպատասխանել և այն, ինչ ասում եք, կարող է հետո ձեր դեմ օգտագործվել դատարանում: