Նիկոլ Փաշինյանը դարձյալ պահանջեց Տարոն Մարգարյանին
Այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նախորդ տարի բյուջեի քննարկումների ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական բացակայությունը բացատրել էր, թե նա Երևանում չէ, Սանկտ Պետեբուրգում գործուղման է, մինչդեռ հետո պարզվել էր, որ նա Երևանում էր ու ավագնու նիստ էր վարել, ընդունելություն էր ունեցել:
«Ի՞նչ իրավունքով եք նման սխալ տեղեկատվություն տալիս»,- հարցրեց Ն.Փաշինյանը և հետաքրքրվեց, թե այս անգամ ինչո՞ւ չկա Տ.Մարգարյանը:
Կ.Արեյանը հայտարարեց, թե հիշում է այն ժամանակ իր տված բացատրությունը, և հավաստեց, թե ԱԺ հանդեպ Տարոն Մարգարյանը և իր տեղակալն ունեն խորը հարգանք ու գիտեն տեղն ու դերը, նշանակությունը երկրի համար: Ըստ նրա՝ Տարոն Մարգարյանն այն ժամանակ նախապես պլանավորված այցով էր մեկնել, բայց օրվա երկորրդ կեսին վերադարձել էր և ավագանու նիստ էր վարել: Կ.Արեյանի խոսքով՝ նախապես անկանխատեսելի ժամանակացույցի փոփոխությունից զերծ մնալու համար հայտարարվել էր, որ կփոխարինի փոխքաղաքապետը:
Իսկ այսօր, ըստ Կ.Արեյանի, Տարոն Մարգարյանն ընդունում է Կարմիր խաչի Գերմանիայի պատվիրակությանը, որը նախապես պլանավորված հանդիպում էր, ԱԺ հանձնաժողովին տեղեկացվել է, որ կփոխարինի առաջին տեղակալը:
Ն.Փաշինյանը չհամաձայնեց ու հայտարարեց, որ փոխքաղաքապետը պետք է իմանար, որ Մարգարյանը Երևանում է. «Հարցեր են առաջանում: Կլինի՞ մենք էլ ձեզ տենց հարգենք: Կարծում եմ՝ քաղաքապետարանի դուրը չի գա, որ տենց ոճով մենք էլ հարգենք: Սուտ տեղեկատվություն եք տվել, գոնե ասեք ցավում եք: Կներեք, ասում եք՝ հարգում եմ: Է, տենց է, տենց է՝ նենց եմ ձեզ հարգում ու ՀՀ ողջ իշխանությանը»:
Ն.Փաշինյանը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանին հարցրեց, թե նա է ասում, որ չգա Տարոն Մարգարյանը, այլապես մարզպետներին էլ կարող են չկանչել, որպեսզի էսքան ժամանակ չվատնեն:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի զեկույցից հետո Ն. Փաշինյանը դիմեց մարզպետին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է եկել. «Մարդ չկա՞ր, որ ընդունեիք, թե՞ որ մնար մարզպետարանում պարապությունից, չեմ ուզում ասել, կմահանայիք»:
Ռ.Գրիգորյանը կատակեց՝ «Եկել եմ ձեզ հետ անմիջական շփվելու»:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կոչ արեց «զավեշտը վերջացնել»:
«Պարոնայք հանձնաժողովի նախագահներ, Դուք պետք է մտածեք այս նիստը զավեշտի չվերածելու մասին,- բորբոքվեց Ն.Փաշինյանն ու շարունակեց,- Մյուս մարզպետները որ գալիս են, ինչո՞ւ են գալիս: Մյուս մարդիկ ստեղ պարա՞պ են: Կարմիր խաչ ա ընդունում, քեռու տղայի բանակի քեֆն ա… Ձեզ խաբել են, պարոն Մինասյան, Տարոն Մարգարյանը եղել է Երևանում ու չի եկել»:
Ստեփան Մարգարյանը հորդորեց հանդարտվել ու նշեց, որ հանձնաժողովի նախագահները «մարդ բերող» չեն, Փաշինյանն ինքը կարող է նպաստել, որ մարդիկ ներկայանան:
«Հենա նպաստում ենք՝ մեկին բերել ենք, մյուսին էլ կբերենք»,- արձագանքեց Ն.Փաշինյանը՝ նկատի ունենալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով Տարոն Մարգարյանի նման մշտապես բացակայում էր բյուջեի նախագծի քննարկումներից, սակայն այսօր եկել էր: