Վթարից տուժածների առողջական վիճակը ՌԴ առողջապահության նախարարի ուշադրության ներքո է
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է:
ՀՀ առողջապահության նախարարին պարբերաբար զեկուցվում է տուժածների առողջական վիճակի մասին: 32 տուժածի բժշկական օգնությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության 3 բժշկական կազմակերպությունում: Նշենք, որ ՃՏՊ-ի արդյունքում տուժել է 48 մարդ, այդ թվում` 17 տարեկան 1 երեխա: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, 20-ի վիճակը` միջին ծանրության, մյուսների` այդ թվում` 17 տարեկան երեխայի վիճակը բավարար է։
Ցավոք, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից մահացել է 8 մարդ, որից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում և 2-ը` շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցում է վթարի հետևանքով զոհվածների հարազատներին:
Նշենք, որ Հայաստանի մասնագետները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: