Ինչու չի գործում Լեռնային Ղարաբաղում կառուցված օդանավակայանը

ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում կառուցված օդանավակայանում թռիչքներ անպայման կլինեն, բայց չի կարող ասել՝ վա՞ղ, թե՞ ուշ, քանի որ, ըստ նրա՝ դա քաղաքական հարց է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կառուցված օդանավակայանի ճակատագրին, նա հիշեցրեց, որ 2010 թվականի մայիսին, երբ իրենք պատրաստվում էին իրենց առաջին թռիչքն իրականացնել, իրենց ասացին՝ թռիչքը չի լինելու:

Հարցին՝ քաղաքական հարց ասելով՝ նկատի ունեք, որ քաղաքական որոշումը կայացնելիս խնդիր է նաև Ադրբեջանի՞ գործոնը, Դ. Ադբաշյանն այսպես պատասխանեց. «Այո, Ադրբեջանի հետ ինչ-որ հարցերում պետք է լեզու գտնեն, որ բոլոր կողմերը համաձայն լինեն, որ թռիչքը կայանա»:

Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ Ադրբեջանը կտա՞ նման թույլտվություն, Դ. Ադբաշյանը պատասխանեց, թե ադրբեջանցիներն անընդհատ սպառնում էին՝ ասելով, որ ինքնաթիռը կխփեն. «Շատերն էլ ասում էին՝ թող ասեն, դուք թռեք, ոմանք էլ ասում էին՝ չի կարելի»:

Հարցին՝ Հայաստանը և Ղարաբաղը վախենո՞ւմ են, որ, եթե ինքնաթիռն օդ բարձրանա, Ադրբեջանը կկրակի, բանախոսը հրաժարվեց պատասխանել. «Վախենում են, թե չեն վախենում, դրա մասին չխոսենք»:

Տեսանյութեր

Լրահոս