
A321-ի «սև արկղերի» վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռում լսվել են «ոչ բնորոշ ձայներ»

Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված ռուսական A321-ի «սև արկղերի» վերծանումից պարզ է դառնում, որ ռադարներից ինքնաթիռի անհետանալուց 4 րոպե առաջ իրավիճակն ինքնաթիռում եղել է նորմալ, օդաչուները չեն հայտնել ինչ-որ անսարքությունների մասին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Կահիրեում իր աղբյուրին:
Interfax-ի աշխատակիցը հայտնել է, որ դիսպետչերների ու օդաչուների խոսակցությունից պարզ է դառնում, որ ռադարներից ինքնաթիռի անհետանալուց 4 րոպե առաջ իրավիճակը նորմալ է եղել, անձնակազմը սովորական խոսակցություն է վարել դիսպետչերների հետ ու ոչինչ չի մատնանշել ինքնաթիռի անսարքության մասին:
Աղբյուրի խոսքով՝ «ինքնաթիռի՝ ռադարների էկրաններից անհետանալու պահին նախորդել են թռիչքի համար անսովոր ձայներ»: Դրա հետ միասին, արտաքին ազդեցության հետքեր, օրինակ՝ խոցող տարրեր կամ բեկորներ չեն հայտնաբերվել ինքնաթիռի մասերի վրա:
Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը բացառել է, որ երկնքում ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր լինել գազային բալոնի պայթյունը:
Հիշեցնենք, որ ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին զբոսաշրջային Շարմ-էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց:
Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 224 ուղևորներն ու անձնակազմի անդամները: Աղետից հետո ԴԱԻՇ-ը հայտարարել էր, թե առնչություն ունեն ողբերգությանը, սակայն ոչ մի ապացույց չէին ներկայացրել: