
ԴԱԻՇ-ի հայտարարությունը «խփված А321»-ի մասին քարոզչություն է. Եգիպտոսի նախագահ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին «քարոզչություն» է անվանել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հայտարարությունները այն մասին, թե առնչություն ունեն Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող А321 ինքնաթիռի կործանմանը:
BBC-ին տված հարցազրույցում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ դեռ վաղ է եզրակացություններ կատարել ինքնաթիռի կործանման պատճառների մասին:
«Բոլոր շահագրգիռ մարդիկ կարող են մասնակցել այդ դեպքի հետաքննությանը, սակայն քարոզչական հայտարարությունն այն մասին, թե ինքնաթիռը խփվել է ԴԱԻՇ-ի զինյալների կողմից, ուղղված է միայն այդ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը ու Եգիպտոսի իմիջի վնասմանը: Վստահեցնում եմ ձեզ, որ իրավիճակը երկրի այդ հատվածում գտնվում է վերահսկողության ներքո»,- ասել է Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:
Հիշեցնենք, որ ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին զբոսաշրջային Շարմ-էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց:
Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 224 ուղևորներն ու անձնակազմի անդամները: Աղետից հետո ԴԱԻՇ-ը հայտարարել էր, թե առնչություն ունեն ողբերգությանը, սակայն ոչ մի ապացույց չէին ներկայացրել:
Ավելի վաղ «Կոգալիմավիայի» ղեկավարությունը հայտարարել է, թե ինքնաթիռը օդում է մասնատվել ինչ-որ մեխանիկական ազդեցության ներքո:
Իր հերթին, ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական գործակալությունն ինքնաթիռի կործանման առավել հավանական պատճառ է համարում ինքնաթիռում գտնվող պայթուցիկ սարքը, որը կարող էր լինել ուղևորներից մեկի մոտ կամ թաքցված լինել բեռնախցիկում: